Գյուղում երեք ամիս է տրանսպորտ չի մտել

Sizavet hamaynqԴեռ հուլիսի 19-ին կայացած մարզխորհրդի հերթական նիստում Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Սիզավետ համայնքի ղեկաավար Արարատ Պողոսյանը կրկին բարձրաձայնեց համայնքի ճանապարհի անանցանելի վիճակի մասին: Բավական երկար ժամանակ է այս համայնքում ճանապարհի խնդիրը չի լուծվում, անգամ բնակիչներին սպասարկող երթուղին չի մտնում գյուղ: Համայնքի բնակիչները ստիպված հարևան համայնք են գնում` տրանսպորտ նստելու համար:

“Երեք ամիս է գազել չի գալիս գյուղ: Խնդրում եմ օգնել, պայմանավորվել մի կազմակերպության հետ, թող ճանապարհը վերանորոգեն, ես մինչև տարեվերջ փողը տամ”, – Շիրակի մարզպետին դիմեց Սիզավետի համայնքապետ Արարատ Պողոսյանը:
Ինչին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն արձագանքեց` դիմելով մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանին. “Պարոն Մարգարյան, շատ խելոք առաջարկություն է, անպայման աշխատեք կազմակերպել և օգնել համայնքին, որպեսզի այդ ճանապարհի հարցը կարգավորվի”:
Հանձնարարականից մեկ շաբաթ անց մարզպետարանից հետաքրքրվեցինք` ինչ փուլում է խնդրի կարգավորումը:
“Սիզավետի ճանապարհի հետ կա որոշակի խնդիր, անբարեկարգ վիճակում է, այս պահին դիմել ենք, որպեսզի հնարավոր լինի ճանապարհը բերել բավարար թույլատրելի մակարդակի: Երթուղին այս պահին թափուր է, իսկ սպասարկող կազմակերպությունը, ելնելով ճանապարհի անբարեկարգությունից, խուսափում է գյուղ մտնելուց: Հանձնարարվել է “Տրանս ակնթարթ” ընկերությանը, որպեսզի Սիզավետ համայնքում նույնպես երթուղային տրանսպորտ շահագործվի: Ճանապարհի համար համաձայնություն ենք ձեռք բերել համայնքի ղեկավարի հետ, որպեսզի նախագծա-նախահաշվարկային փաստաթղթեր պատվիրվի և ճանապարհը բերվի բավարար թույլատրելի մակարդակի”, – archive2.ankakh.com-ին փոխանցեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը

Tags: