ԱՄՆ-ի իշխանությունները Ցարնաևների մորը ձերբակալելու թույլտվություն են տվել

ՑարնաևներԲոստոնի ենթադրյալ ահաբեկիչների մորը`Զուբեյդատ Ցարնաևային,  ԱՄՆ մուտք գործելիս հավանաբար կձերբակալեն: Ամերիկյան իշխանությունները Դաղստանի քաղաքացուն   ձերբակալելելու  թույլտվություն են տվել: Հետաքրքիր է, որ դա կապ չունի ահաբեկչության հետ, որի մեջ կասկածվում են նրա որդիները:  Ցարնաևային սպառնում է պատիժ խանութից գողություն կատարելու համար, հաղորդում է   ABC News-ը:

Ավելի վաղ  Ցարնաև եղբայրների մայրը հայտնել էր, որ պատրաստվում է ամուսնու հետ Դաղստանից ԱՄՆ մեկնել, որպեսզի մասնակցի իր 19-ամյա որդու դատավարությանը: Սակայն, երբ պարզ դարձավ, որ ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են ձերբակալել տիկնոջը բոստոնյան էլիտար հագուստի խանութից վաղեմի  գողության համար, չեչենուհին սահմանը հատելու միտքը փոխեց և հայտարարեց, որ մնալու է տանը:

Զուբեյդատ Ցարնաևայի դատավարությունը պետք է տեղի ունենար 2012թ. հոկտեմբերի 25-ին Բոստոնում, բայց ծայրահեղականների մայրը այդպես էլ դատական նիստին չմասնակցեց: Կինը մեղադրվում է Lord & Taylor հագուստի կրպակից  1 600 դոլարի գողության համար: Ապրիլի  24 -ին ԱՄՆ -ի ՀԴԲ աշխատակիցները սկսել են Ջոհար և Թամերլան Ցարնաևաների մոր մանրամասն հարցաքննությունը:

Դաղստանում ապրող կնոջ և ամերիկյան հատուկ ծառայությունների զրույցը տևել է ամբողջ գիշեր: Զուբեյդատը համոզված է, որ իր երեխաները չէին կարող այդպիսի սարսափելի հանցագործություն կատարել: Մինչդեռ ԱՄՆ-ում  ապրող Ջոհարի  և Թամերլանի քեռին` Ռոսլան Ցարնին,  չի բացառում , որ երիտասարդներին  ահաբեկչության կարող էր  մղել  հենց նրանց մայրը:

Նա ասել է, որ Զուբեյդատը շատ անգամ է տուն հրավիրել արմատական մահմեդական քարոզչին, որն   առանձին  երկար զրուցել է Թամերլանի հետ: Իսկ ենթադրյալ ահաբեկիչների հայրը չի պատրաստվում  ԱՄՆ ուղևորվելու իր պլանից հրաժարվել:

Ապրիլի 15-ին բոստոնյան մարաթոնի ժամանակ ահաբեկչության հետևանքով երեք մարդ զոհվեց, ավելի քան 260 -ը վիրավորվեցին: