Դատի են տվել Գյումրիի քաղաքապետարանին

008Գյումրու քաղաքապետարանի դեմ դատական հայց է ներկայացրել և դատը շահել “Աջակից ընկերներ”-ին պատկանող գազալցակայանը, որը գտնվում է Երևանյան խճուղում: 4 մլն 780 հազար դրամ պետք է փոխանցենք այս ընկերությանը այն պարագայում, երբ լումա առ լումա գումար ենք հավաքագրում փոսային նորոգումներ անելու համար: Նեղսրտում է քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Նշյալ պարտքը գոյացել է Վարդան Ղուկասյանի քաղաքապետության օրոք. քաղաքապետարանի մեքենաներին կայանը գազով է ապահովել, կան բոլոր փաստաթղթերը: “Մենք առաջարկեցինք ժամանակացույց կազմել և մաս-մաս վճարել, բայց դե մարդիկ դատի են տվել, ինչ անենք: Հետաքրքիր է նաև դատարանի տուգանքը` 138 հազար, այսինքն մեզանից գանձելու են մոտ 5 մլն 337 հազար: Ուղղակի պետք է համայնքի շահը վեր դասել ինչ-որ անձի շահից. Անձի, որ հուլիս ամսին (2012թ.) օգտագործել է գազ, 5մլն 300 հազարի այսօր կարող էինք փոսանորոգում կատարել Դուդկոյի փողոցում, որն ամոթալի վիճակում է: Չի կարելի, մի քիչ բարոյականություն է պետք”, – զայրանում է Սամվել Բալասանյանը:

“Ես երբեք 4 մլն 700 հազար պարտք չունեմ, եթե նայեք ես ինչ ընթացակարգով եմ աշխատել ու ինչ պարտքեր կուտակել` այսինքն, երբ պարտքը կուտակվում է` փոխանցում ենք, 1 մլն, 1 մլն 200 կամ 800 հազար: Դա ամիսների կուտակած պարտք է, որ իմ ժամանակ չի գոյացել: Երբ այսօր կազմակերպությունները ասֆալտապատման աշխատանքներ են կատարում` ես պարտք եմ մնում, խնդրում եմ անպայման անել` հաջորդ տարի եմ վճարելու, ոնց կարող է լումաներով հավաքած գումարը, երբ ես ափսոսում եմ բենզին լցնել, խնայում եմ, հանկարծ բերում ներկայացնում են, որ 4 մլն պետք է “Աջակից ընկերներին” փոխանցվի: Ամեն ինչ, ըստ փաստաթղթերի, օրինական է, ուղղակի մեր խնդիրն այն էր, որ ժամանակացույցով երեք տարում տայինք այդ գումարը”, – ասում է քաղաքապետն ու հավելում, որ դատարանի վճիռը բողոքարկել չի պատրաստվում, քանի որ այդ ընթացքում ավելի շատ տուգանքներ են կուտակվելու և ցանկություն չունի ավելորդ գլխացավանքի մեջ ընկնել:
Քաղաքապետարանի դեմ, պարտքերի համար, դատական հայց էր ներկայացրել նաև “Գյումրեցի ընկերներ” կազմակերպությունը, որը, սակայն, քաղաքապետի փոխանցմամբ, կարծես, կասեցված է:

Tags: