ԱՄՆ-ի քաղաքներում երկուշաբթի մեկօրյա գործադուլ են արել ֆասթ-ֆուդի աշխատակիցները: McDonald’s, Burger King և Wendy’s-ի աշխատակիցները փողոց են ելել աշխատավարձերը բարձրացնելու ու արհմիություն ստեղծելու պահանջով: Կազմակերպիչները հայտարարել են “աշխատանքի վիրավորական համակարգը” վերացնելու անհրաժեշտության մասին: Խոսքը ժամավճարն ավելի քան երկու անգամ ավելացնելու ` 7,25-ից 15 դոլար դարձնելու մասին է:
Գործադուլներ են եղել Նյու Յորքում, Միլուոկիում, Չիկագոյում, Քանզաս-Սիթիում: Ակտիվիստների հայտարարությամբ, հարյուրավոր մարդիկ են մասնակցել ցույցին, ոմանք բերել են նույնիսկ ընտանիքի անդամներին: Գործադուլավորներին են միացել նաև քաղաքական գործիչներ: Մանհեթնում նրանցից մեկը` դեմոկրատ Ջերոդ Նադլերը, զզվելի է համարել այն փաստը, որ 200 մլրդ դոլարի շրջանառություն ունեցող արդյունաբերության աշխատողները մինչ օրս պետք է հույսը դնեն կարիքավորների դաշնային բժշկության ծրագրի վրա ու սննդի կտրոններ ստանան: Այս շաբաթ նման ակցիաներ են անցկացվելու նաև երկրի այլ քաղաքներում:
Tags: գործադուլ
