Վարդան Ղուկասյանի թողածն ու Գյումրիի կադաստրը` ի վնաս քաղաքապետարանի

Gyumri-qaxaqapetaran“Բնակիչներից լուրջ բողոքներ կան կադաստրի հետ կապված: Հուլիս ամսին պետք է պարտադիր կարգով մեզ ներկայացվի բազան` չի ներկայացվում: Ես հայտարարում եմ` հաջորդ ավագանու նիստին ուղերձ կանենք բոլոր պատկան ատյաններին, եթե այսպիսի շարունակություն ունեցավ:Մենք արդեն աշխատում ենք 7-րդ ամիսը և մի բան հասկացանք, որ քաղաքապետարանում չկա կոռուպցիա, վերացած է այդ հասկացությունը և դա պետք է հասկանան բոլոր ատյաններում: Չի կարելի բնակչին հինգ անգամ տանել կադաստր ու բերել: Դիմել ենք Երվանդ Զախարյանին, տարբեր դիստանցիաների, ասել ենք` ուշադրություն դարձրեք, չենք կարող այդ մարդկանց հետ աշխատել”, – ավագանու հեթրական նիստում վրդովվեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Քանի որ կադաստրը համայնքապետարանին չի տրամադրում տվյալների վերջնական բազան, դա դժվարացնում է կառույցի աշխատանքը` հատկապես գույքահարկի հավաքագրման գործում: Քաղաքի հաշվեկշռում մինչ օրս գրանցված են այնպիսի կառույցներ, որոնք վաղուց գոյություն չունեն:

“Օրինակ Մայիսյանի կաթսայատունը մեր բալանսում է, բայց ֆիզիկապես չկա, այդպես է շատ-շատ կառույցների մասով: 39 կաթսայատուն օտարվել է, որից բյուջե մուտք է եղել 100 մլն-ից ավել գումար, որոշումները կան, բայց դրանք շարունակում են մեր հաշվեկշռում գտնվել: “Պիոներ պալատի” շենքն  օտարված է, բայց փաստաթղթային ձևակերպումը չկա”, – ասում է քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը:

Այդ իսկ պատճառով կազմվում է օտարված կառույցների ցանկ, որը հնարավորություն կտա դրանք հեռացնել քաղաքի հաշվեկշռից: Հ Ջիլավյանի խոսքով` համայնքապատկան մշակույթի կենտրոնների, մանկապարտեզների, մարզադպրոցների  89 տոկոսը սեփականաշնորհում չունի, և այժմ ընթանում է սեփականաշնորհման գործընթացը: Քաղաքում մոտ 700 կիսակառույց շինություն կա: Այս տվյալները վերջնական չեն և քաղաքապետարանին հաջողվել է նման արդյունք գրանցել համայնքապատկան գույքի գույքագրումից: Քաղաքապետարանը փորձում է փաստացի ֆիքսել այն, ինչ կա քաղաքում: Գյուքագրման գործընթացը դեռ շարունակվում է:

“Արագած մարզամշակութային կենտրոնը` բոլորիս հայտնի “Տեքստիլի ակումբը”, 99 տարի անվարձահատույց հատկացվել է քաղաքացու, և այդ ընթացքում համալիրը մաս-մաս սեփականաշնորհվել է: Այս պահին կատարված ուսումնասիրություններից պարզվել է, որ քաղաքապետարանին մնացել է մուտքից աստիճաններով դահլիճ բարձրանալու հատվածը: Դեռևս այնքան բաներ կան, որ չեն պարզվել”, – հերթական բացահայտումներն է անում ֆինբաժնի պետը:

Իսկ քաղաքապետը լրացնում է. ““Կանգառ” խանութը ձևակերպված է որպես բնակարան, կամ կադաստրը, որտեղ մարդը նստած է` դա բնակարան է: Այսինքն, մեզ տրվող գույքահարկն այդպես քիչ է գալիս”:

Այս խնդրի կարգավորման համար քաղաքապետը պատրաստվում է ուղերձներով դիմել պատկան մարմիններին, որպեսզի այսուհետ առավել հեշտացվի ու կարգավորվի ոլորտի աշխատանքը: