Տեղի է ունեցել Տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի նիստը

արմեն գեվորգյանՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում ներկայացվեցին 2013 թ-ի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ համայնքների եկամուտների հավաքագրման ցուցանիշները:
Ըստ ՏԿՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանի` համայնքների ընդամենը եկամուտներն առաջին կիսամյակում կազմել են 44 մլրդ 359 մլն 664 հազար դրամ`նախատեսված 45 մլրդ 460 մլն 841 հազարի դիմաց (Երեւանը ներառյալ)` 97,6 տոկոս կատարողական, ինչը նախորդ տարվա նույն ժամակահատվածի համեմատ աճել է 9,5 տոկոսով:
Համայնքների սեփական եկամուտների կատարողականը կազմել է 96,3 տոկոս, արձանագրվել է 14,3 տոկոս աճ`2012 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Չնայած անցած տարվա համեմատ գրանցված աճին` սեփական եկամուտների հավաքագրման մասով հանրապետական միջին ցուցանիշից ցածր արդյունքներ են գրանցվել Շիրակի, Արմավիրի, Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում:

Հողի հարկի կատարողականը կազմել է 88,7 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 24,2 տոկոսով, գույքահարկի կատարողականը 101,3 տոկոս է, աճը կազմել է 11,1 տոկոս:
Թեեւ գույքի վարձակալությունից ստացված եկամուտների կատարողականը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,1 տոկոսով` կազմելով 87,5 տոկոս, այդուհանդերձ, 2012 թ-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ առանձին մարզերում ինչպես գույքի վարձակալությունից ստացված եկամուտների, այնպես էլ պետական եւ տեղական տուրքերի հավաքագրման ցուցանիշներում հավաքագրման նվազում է գրանցվել:

Նիստը վարող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հանձնարարեց քննարկումներ կազմակերպել սեփական եկամուտների հավաքագրման խնդիրներ ունեցող մարզերում, տեղում ուսումնասիրել պատճառները եւ հետեւողական աշխատանքներ տանել ցուցանիշների բարելավման ուղղությամբ:

Կոլեգիայում անդրադարձ կատարվեց նախորդ տարիներին կուտակված աշխատավարձերի պարտքի մարման ընթացքին եւ համայնքներում ընթացիկ պարտքերի կուտակման պատճառներին: Քննարկվեց, մասնավորապես` Սեւան քաղաքում աշխատավարձի գծով կուտակված ընթացիկ պարտքի հարցը:
Փոխվարչապետը հանձնարարեց մեկ անգամ եւս ուսումնասիրել Սեւանի քաղաքապետարանում աշխատավարձի ընթացիկ պարտքի առաջացման պատճառները, հարցը քննարկել Գեղարքունիքի մարզպետի եւ քաղաքապետի հետ:
Նա անթույլատրելի համարեց համայնքների կողմից ընթացիկ պարտքերի կուտակումը եւ նշեց, որ հնարավորինս պետք է բացառել նոր պարտքերի կուտակումը` հաշվի առնելով, որ նախորդ տարիներին կուտակված աշխատավարձերի շուրջ 2,3 մլրդ դրամ պարտքից մարվել եւ հուլիսի 15-ի դրությամբ մնացել է ընդամենը 57 մլն 720 հազար դրամ պարտք:

Նիստի ընթացքում ներկայացվեցին նաեւ 2014 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում օգտագործվող հողի հարկի եւ գույքահարկի գծով 2012 թվականի ելակետային տվյալների, հողի հարկի եւ գույքահարկի բազաների ցուցանիշների, ինչպես նաեւ 2013 թվականի համայնքների բյուջեներում հաստատված պլանային ցուցանիշների համեմատական վերլուծության արդյունքները:
Ուսումնասիրության նպատակն է եղել պարզել, թե որքանով են համայնքների բազաները համապատասխանում լիազոր մարմինների բազաներին, որքանով են իրատեսական կազմվում համայնքների բյուջեները եւ ինչ մեթոդաբանությամբ են դրանք ձեւավորվում:

Ա. Գեւորգյանն առաջարկեց ՀՀ ԿԱ ոստիկանության, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ առաջիկայում խորհրդակցություն հրավիրել եւ քննարկել համայնքների ու լիազոր մարմինների բազաների համապատասխանեցմանը վերաբերող հարցեր:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին