«Դպրոցը գործելու է ամեն տարի, պետական ֆինանսավորմամաբ: Ճանապարհածախսը հոգում է մասնակիցը: Ծրագիրը անցյալ տարի իրականացվեց առաջին անգամ եւ ընդգրկվեց կառավարության ծրագրում, որպես գերակա ուղղություններից մեկը»,-այսօր ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող «Սփյուռք» ամառային դպրոցի մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը:
Բանախոսի պնդմամբ Ծաղկաձորում իրականացվող ծրագիրը ընթանում է 5 տարբեր ուղղություններով` Հայոց լեզվի արագացված ուսուցում համապատասխան ծրագրերով` արեւելահայերեն եւ արեւմտահայերեն խմբերով, Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, «Ազգային երգ եւ պար» դասընթացի ծրագիր, «Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց» ծրագիրը եւ Սփյուռքի լրագրողների վերապատրաստում` որոնց մեջ ներառված են մոտ 220 հոգի մասնակիցներ: Ծրագրի նպատակն է աջակցել մայրենի լեզու սովորել ցանկացողներին արագացված մեթոդներով լեզվին տիրապետելու, մասնագետներին վերապատրաստելու, Սփյուռքի ԶԼՄ-ներին, երիտասարդ առաջնորդներին հայրենիքին կապելու եւ նրանց ազգային ինքնությունը հզորացնելու գործում:
«Անցյալ տարվա համեմատությամբ այս տարի մասնակիցների եւ գործընկերների քանակն ավելացել է: Մասնակիցներ կան Լիբանանից, Ռումինիայից, Ֆրանսիայից, ԱՊՀ երկրներից եւ Արեւելյան Եվրոպայից: Նրանք բոլորը սովորում եւ ապրում են Ծաղկաձորում: Նրանց մի մասը Հայաստան առաջին անգամ է այցելում: Ծրագիրը մեկնարկել է հուլիսի 8-ին, իսկ կավարտվի օգոստոսի 2-ին»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
