Վերանորոգվում են մայրաքաղաքի վթարավտանգ շքապատշգամբները

002 (1)Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման 2013 թվականի ծրագրի շրջանակում իրականացվում են վթարային շքապատշգամբների հիմնանորոգման աշխատանքներ: Վերանորոգման անհրաժեշտություն ունեցող հաշվառված պատշգամբներից այս տարվա ծրագրով առաջնահերթ վերանորոգվում է առավել վթարավտանգ 76 շքապատշգամբ:

Շքապատշգամբների վերանորոգման աշխատանքներն իրականացվում են «Երևաննախագիծ»  ՓԲԸ-ի կողմից նախապես մշակված նախագծերի հիման վրա` պահպանելով երևանյան շենքերին համահունչ ընդհանուր ճարտարապետական տեսքն ու դիմագիծը:

Ծրագիրը  շարունակական է  և վերանորոգման կարիք ունեցող հաշվառված բոլոր շքապատշգամբները վերանորոգվելու են:

Նշենք, որ, ըստ էության, պատշգամբները բնակիչների սեփականությունն են և դրանց հետ կապված խնդիրների լուծումը սեփականատերը և համատիրությունները պետք է հոգան, սակայն, հաշվի առնելով խնդրի կարևորությունը, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ծրագիրը կյանքի է կոչվում Երևանի քաղաքապետարանի ծրագրերի շրջանակում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն