«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկման փուլն ավարտված է

սոցապ«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկման արդյունքներն այսօր ամփոփեց  ՀՀ Աշխատանքի և սոց. հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը։

Նա նախ ներկայացեց գործող և առաջարկվող օրենքների տարբերությունները։ Թեև դրանք երկուսն էլ   վերաբերում են դժվար իրավիճակում հայտնված անձանց, ընտանիքներին  կամ խմբերին, սահմանում են  հնարավոր օգնությունների տրամադրումը և բոլոր շահագրգիռ կողմերի պատասխանատվությունները, բայց առաջարկվող օրենքում կան մի շարք տարբերություններ։ Առաջին հերթին կիրառվում է մեկ պատուհանի սկզբունքը:

«Նախկինում անապահով ընտանիքներին կամ անձանց օգնություն տրամադրում էին բազմաթիվ  կազմակերպություններ և օգնության կարիք ունեցողը պետք է վազեր հազարավոր հասցեներով՝ ստանալու համար փնտրածը, այժմ մենք փորձում ենք միացնել այդ բոլոր կառույցները մեկ միասնական կազմակերպության մեջ։ Մարդը կդիմի մեկ կառույցի և այնտեղ էլ ցանցի միջոցով կստանա համակողմանի օգնություն», – ասում է Աստղիկ Մինասյանը։

Նոր օրենքը նաև փոփոխություններ կմտցնի «օգնություն»  հասկացության մեջ։ «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանի մեկնաբանմամբ՝ արդեն վաղուց պետք է հասկանալ, որ աղքատությունը հաղթահարելու համար ոչ թե դրամական օգնություն է պետք տրամադրել, այլ հմտություններ մշակել մարդու համար, որ նա կարողանա ինքը վաստակել իրեն անհրաժեշտ գումարը։ Իհարկե,  փարոսային համակարգը և նպաստները շարունակելու են գործել, բայց ավելանալու են օգնության տրամադրման այլընտրանքային ձևեր ևս։

Tags: ,