Հուլիսի 2-ին Դոնեցկի առևտրաարդյունաբերական պալատում տեղի ունեցավ 7-րդ միջազգային ամառային տնտեսագիտական դպրոցի բացումը, որին մասնակցում էին 16 երկրների ավելի քան 100 ներկայացուցիչներ: Բուն դպրոցը կազմակերպվել էր Սվյատոգորսկ քաղաքում: Որպես հրավիրված մասնագետ` հանդես եկա «ԼՂՀ Սահմանադրության արժեբանական առանձնահատկությունները» զեկույցով: Միջազգային դպրոցին Արցախից մասնակցում էր նաև Արցախի պետական համալսարանի դասախոս Վահրամ Պողոսյանը, որը ներկայացրեց Արցախի տնտեսության զարգացման դինամիկային նվիրված իր զեկույցը: Զեկույցները մեծ հետաքրքրությամբ ընդունվեցին մասնակիցների կողմից, ովքեր բազմաթիվ հարցեր ուղղեցին բանախոսներին` կապված ԼՂՀ Սահմանադրության և տնտեսության առանձնահատկությունների, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման հեռանկարների հետ:
Միջոցառման շրջանակներում կապեր հաստատվեցին մի շարք երկրների համալսարանների հետ, որոնցից կարելի է առանձնացնել Ռուսաստանի Բելգորոդ քաղաքի Վ.Գ.Շուխովի անվան պետական տեխնոլոգիական համալսարանի միջազգային կապերի գծով պատասխանատուի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը` համագործակցելու Արցախի պետական համալսարանի հետ, ինչպես նաև առաջիկայում մասնակցելու այդ համալսարանում անցկացվող գիտաժողովին:
Միջազգային դպրոցի ավարտից հետո` հուլիսի 8-ին, Դոնեցկի ազգային համալսարանում տեղի ունեցավ հանդիպում համալսարանի երիտասարդ գիտնականների հետ, որը կազմակերպել էին ազգային համալսարանի միջազգային համագործակցության բաժինը և երիտասարդ գիտնականների խորհուրդը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջբուհական համագործակցության շրջանակներում տարբեր գիտական միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաև երիտասարդ գիտնականների գիտական գործունեությանը հուզող հարցեր:
Առաջարկվեց հաճախակի հանդես գալ համատեղ գիտական միջոցառումների կազմակերպման նախաձեռնություններով, և, որպես դրա առաջին փորձ, Դոնեցկի համալսարանի համակարգչային տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Անտոն Պարամոնովի հետ քննարկվեցին ծրագրավորման մրցույթի անցկացման մանրամասները: Այն նախատեսվում է անցկացնել այս տարվա նոյեմբերին կամ դեկտեմբերին Երևանում կամ Ստեփանակերտում, ինչպես նաև այդ շրջանակներում նախատեսվում է կազմակերպել «ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների միավորումների դերը գիտական ոլորտում միջազգային համագործակցության զարգացման գործում» խորագրով միջազգային համաժողով: Ի դեպ, նշենք, որ Անտոն Պարամոնովի գլխավորած խումբը դարձել է ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայում արծաթե մեդալակիր, որն անցկացնում է АСМ ІСРС կազմակերպությունը:
Ավետիք Հարությունյան
ՀՀ երիտասարդական խորհրդարանի անդամ, Արցախի պետական համալսարանի իրավունքի ամբիոնի դասախոս
