ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ստուգայց է կատարվել ԱԻ նախարարության կողմից պահպանվող օբյեկտներում:
Ստուգայցի ընթացքում ՀՀ ԱԻ նախարարն այցելեց կարևոր նշանակության օբյեկտներ, որտեղ պահպանվում են ազգային, հոգևոր, պատմական ու մշակութային գանձեր և այդ կառույցներն ունեն ռազմավարական կարևոր նշանակություն՝ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի և գիտահետազոտական ինստիտուտ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Ա. Խաչատրյանի անվան համերգասրահ, Հայաստանի ազգային պատկերասրահ, Հայաստանի հանրային հեռուստաընկերություն և ռադիոընկերություն, Հայաստանի ազգային գրադարան, Հայաստանի ազգային արխիվի կենտրոնական և քաղաքային մասնաճյուղեր: Այս օբյեկտները գտնվում են ԱԻՆ փրկարար ծառայության կարևորագույն օբյեկտների պահպանության բաժնի հսկողության տակ:
Ստուգայցի ընթացքում ԱԻ նախարարը ծանոթացավ նշված օբյեկտների հրդեհային անվտանգության համակարգերին` ազդարարման և հրդեհաշիջման ավտոմատ սարքավորումներին, անձնակազմին, աշխատանքային պայմաններին և պատրաստվածությանը:
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի և գիտահետազոտական ինստիտուտում ԱԻ նախարարին դիմավորեց փոխտնօրեն Է. Դանիելյանը, որի ուղ
եկցությամբ էլ Ա. Երիցյանը շրջեց ինստիտուտի հին և նոր մասնաշենքերում: Մատենադարանի մասնաշենքերը վերջերս են վերազինվել անվտանգության և հրդեհային նորագույն համակարգերով, ունի լավ պատրաստված անձնակազմ և պահուստներում պահվող հնագույն ձեռագրերը գտնվում են հուսալի պաշտպանության տակ:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում առկա են հրդեհաշիջման, ծխահեռացման և ազդարարման համակարգեր: Ազգային գրադարանում անմխիթար վիճակ էր:
ԱԻ նախարարը հանձնարարեց Մատենադարանի ավագ հրշեջ` հրահանգիչ, փ/ծ ավագ սերժանտ Անուշ Գևորգյանին ներկայացնել խրախուսման, իսկ Հայաստանի ազգային պատկերասրահի հրշեջ` հրահանգիչ, փ/ծ սերժանտ Տիգրան Կարապետյանին շնորհել սպայի կոչում` մասնագիտական պատրաստվածության և բարեխիղճ ծառայության համար:
Նախարարի հրամանով խիստ նկատողություն հայտարարվեց Ա. Խաչատրյանի անվան համերգասրահի ավագ հրշեջ` հրահանգիչ, փ/ծ ավագ սերժանտ Կարապետ Խայանին:
Հանրային հեռուստատեսությունում մեծ ծավալի շինարարական աշխատանքներ էին կատարվում, և արդեն իսկ լուրջ վերաբերմունք էր նկատվում անվտանգության համակարգերի նկատմամբ: Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը ներկայացրեց հեռուստաընկերության հսկա տարածքի ու անձնակազմի անվտանգության հետ կապված իրենց ծրագրերը՝ արածն ու անելիքները: Նախարար Արմեն Երիցյանն իր պատրաստակամությունը հայտնեց՝ աջակցելու եղած բոլոր հնարավորություններով:
Ստուգայցի ընթացքում գիտական ու մշակութային օջախների աշխատակիցներն ու այցելուները ճանաչում էին ԱԻ նախարարին, մոտենում արտահայտելու իրենց գնահատականն ու հիացմունքը նախարարության աշխատանքի վերաբերյալ, հնչում էին քաջալերանքի խոսքեր:
Ա. Երիցյանը հանձնարարեց ամփոփ տեղեկանք պատրաստել կատարված աշխատանքի, չձեռնարկած անհրաժեշտ քայլերի, նկատված թերությունների և անհետաձգելի կարիքների վերաբերյալ: Շատ շուտով կլինի համապատասխան գնահատականն, ու անհապաղ միջոցառումների պլանը կդրվի գործողության մեջ:

