Ավարտվել է ոստիկանության մայորի կողմից կաշառք ստանալու և լիազորությունները անցնելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ոստիկանՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Բակուր Ավետիկյանի կողմից կաշառք պահանջելու և ստանալու, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 311-րդ հոդվածների 2-րդ մասերով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի ոստիկանության բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Բակուր Ավետիկյանն իր ծառայողական պարտականությունները կատարելիս տեսել է, որ քաղ. Հ.Մ.-ն թիթեղով ծածկված ցանկապատի հատվածը վերակառուցում է քարե պատով:
Պարզելով, որ վերջինս շինարարական աշխատանքները կատարում է առանց համապատասխան թույլտվության, նշված վարչական իրավախախտման փաստն իր լիազորությունների շրջանակում չարձանագրելու և համապատասխան մարմիններին ըստ ենթակայության չուղարկելու համար նա միջնորդ Կ.Հ.-ի միջոցով պահանջել և ստացել է կաշառք` գարեջրատանը կազմակերպված հյուրասիրության տեսքով:
Սակայն ոստիկանության աշխատակիցը, չբավարարվելով հյուրասիրությամբ, իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի նույն անգործության համար, դարձյալ նույն Կ. Հ.-ի միջոցով պահանջել է որպես կաշառք իրեն տալ նաև գումար մինչև 100 000 դրամի սահմաններում:
Կաշառքի նոր պահանջ ներկայացնելու հանգամանքն առաջացրել է քաղ. Կ. Հ.-ի զայրույթը, և նա այդ հարցը պարզաբանելու նպատակով գնացել է Բակուր Ավետիկյանի աշխատավայր: Հարցի պարզաբանման կապակցությամբ առաջացած վիճաբանության ընթացքում Բակուր Ավետիկյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, բռնություն է գործադրել Կարեն Հարությունյանի նկատմամբ. ձեռնաշղթաներով կապել է վերջինիս ձեռքերը և ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` առողջությանը պատճառելով թեթև վնաս:
Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար Բակուր Ավետիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 309-րդ և 311-րդ հոդվածների 2-րդ մասերով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Քրեական գործի նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է հսկող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Tags: ,