Նորություններ վարորդների համար

վարորդՎաղվանից՝ օգոստոսի 3-ից, ուժի մեջ կմտնեն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում Ազգային ժողովի կողմից  հունիսի 19-ին ընդունված լրացումն ու փոփոխությունները:
Ըստ այդմ, մասնավորապես, կրկնակի նվազեցվում է տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և կայանման կանոնները խախտելու համար տրանսպորտային միջոցը հատուկ տարահանվող տարածք տեղափոխելու դեպքում գործող տուգանքի չափը:
Կանգառի կամ կայանման կանոնները խախտելը, եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ, և եթե դրա պատճառով տրանսպորտային միջոցը տարհանվել է պահպանվող հատուկ տարածք, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի (40 հազար դրամ) չափով՝ մինչ այժմ գործող ութսունապատիկի (80 հազար դրամ) փոխարեն:
Օրենսգրքի 124.4-րդ հոդվածը՝ Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված արագությունը գերազանցելը,շարադրվում է նոր խմբագրությամբ, որտեղ, ըստ էության, սահմանվում է հնարավոր արագաչափ սարքի արձանագրած ցուցանիշի սխալանքի չափը` այն է 10 կիլոմետր/ժամ արագություն:
Մասնավորապես՝ երթևեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելն առաջացնում է տուգանքի նշանակում`նվազագույն աշխատավարձի տասնապատիկի (10 հազար դրամ) չափով:
Երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելն առաջացնում է տուգանքի նշանակում`նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի (30 հազար դրամ) չափով:
Երթևեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի (50 հազար դրամ) չափով:
Երթևեկության սահմանված արագությունը 51 կմ/ժ-ով և ավելի գերազանցելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի (70 հազար դրամ) չափով:
Ամրագրվել է նաև, որ վերոհիշյալ իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժ նշանակելիս որոշում կայացնող մարմինը արագաչափ սարքի արձանագրած ցուցանիշից պարտավոր է հանել 10 կմ/ժ` արագաչափ սարքի հնարավոր սխալանքի համար,իսկ եթե արագաչափ սարքի հնարավոր սխալանքը գերազանցում է 10 կմ/ժ-ը, ապա արագաչափ սարքի հնարավոր սխալանքի չափը: