Մայրաքաղաքում հեծանվային կանգառներ կտեղադրվեն

001Երևանում հեծանվային երթևեկության նկատմամբ աճող հետաքրքրությունը հաշվի առնելով` Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ աշխատանքներ կտարվեն մայրաքաղաքում հեծանվային կանգառների տեղադրման ուղղությամբ: Այդ նպատակով ձևավորվել է հասարակական կազմակերպությունների և անհատների մասնակցությամբ համատեղ աշխատանքային խումբ:

Քաղաքապետարանում հրավիրված քննարկման ընթացքում ներկայացվել են հեծանվային կանգառների տեղադրման վայրերի վերաբերյալ նախնական առաջարկներ: Կանգառները հիմնականում հանգստի մարդաշատ գոտիների և բուհերի հարակից հատվածներում են նախատեսվում տեղադրել:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշել է, որ համապատասխան աշխատանքներ կտարվեն”Երևանյան ամառ” ծրագրի շրջանակում նախատեսված միջոցառումների շարքում հեծանվային որոշ կանգառների բացման և շահագործման հանդիսավոր արարողությունը կազմակերպելու ուղղությամբ:
Նշվել է նաև, որ քաղաքապետարանը պատրաստակամ է քննարկելու նախաձեռնությանն առնչվող կառուցողական ցանկացած առաջարկ:
Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց մոտեցումներն ու առաջարկները ուղղված ինչպես քննակվող հարցին, այնպես էլ մայրաքաղաքում հեծանվային երթևեկության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Աշխատանքային խումբը քննարկել է նաև կանգառների անվտանգության ապահովման և մայրաքաղաքում հեծանվուղիների ձևավորման վերաբերյալ հարցեր: Ծրագրի իրականացման հարցում իրենց մասնակցությունը կունենան նաև ներդրողները:
Հեծանվային կանգառների ծրագրի կյանքի կոչումն իր նպաստը կբերի Երևանում հեծանվային երթևեկության մշակույթի զարգացմանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Tags: