“Ավելի մաքուր Երևանն” այսօր Ծիծեռնակաբերդի տարածքում էր

001 (1)Արձագանքելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին` հասարակական և երիտասարդական կազմակերպությունների, երկրապահ կամավորականների և վետերանների միության հարյուրավոր անդամներ, նաև զինծառայողներ ու քաղաքապետարանի ենթակայության տարբեր կազմակերպությունների աշխատակիցներ են մասնակցել “Ավելի մաքուր Երևան” ծրագրի շրջանակում Ծիծեռնակաբերդի` շուրջ 110 հեկտար տարածքի մաքրման աշխատանքներին: Նկատելով տարածքում իրականացվող մաքրման աշխատանքները` ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը ևս հանպատրաստից որոշել էր մասնակցել Երևանն ավելի մաքուր դարձնելու աշխատանքներին:  Քաղաքապետարանի կողմից ապահովվել են մաքրման համար անհրաժեշտ բոլոր պարագաներն ու համապատասխան տեխնիկա: Ծիծեռնակաբերդում շրջել և ընթացող աշխատանքներին տեղում հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:  Ամփոփելով ծրագրի մեկնարկից մինչ օրս իրականացված աշխատանքների արդյունքները` Կամո Արեյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնությանը աջակից բոլոր կառույցներին և կազմակերպություններին:

“”Ավելի մաքուր Երևան” ծրագիրը երևանցիներին ուղղված կոչ է` ընդհանուր օգտագործման այն տարածքները, որոնք ծառայում են բոլորին, ավելի մաքուր դարձնելու և ավելի մաքուր պահելու համար: Առաջիկայում նախատեսում ենք մաքրման աշխատանքներ իրականացնել Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Հայորդաց տան հարակից, արդեն ծառապատ հատվածներում, նաև Արաբկիր վարչական շրջանի մանկական զբոսայգու և Քանաքեռ ՀԷԿ-ի հարակից տարածքներում: Այնուհետ աշխատանքներ կշարունակվեն մյուս վարչական շրջաններում”,-ասել է Կամո Արեյանը:
Նկատենք, որ մինչ օրս ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին մասնակցել է ավելի քան 2500 կամավոր: “Ավելի մաքուր Երևան” ծրագրի շրջանակում մաքրվել և պատշաճ տեսքի են բերվել Հրազդանի կիրճի, Հաղթանակ զբոսայգու,”Կարմիր բլուր” հնավայրի, “Էրեբունի” պատմահնագիտական արգելոց-թանգարանի և “Փարոս”անտառպուրակի հարակից տարածքները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Tags: