Վարչապետն ու ԿՏ նախարարը չեկան Գյումրի

IMG_0814Այսօր, օգոստոսի առաջին կիրակին, Հայաստանում և մի շարք երկրներում` Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Լատվիայում, Բոլղարիայում,  նշվում է որպես երկաթուղայինի օր: Հայաստանն ունի շուրջ 4000 երկաթուղային աշխատող, իսկ Գյումրիում կազմակերպված այսօրվա տոնին ներկա էին նաև վետերան երկաթուղայիններ:

Հայաստանի երկաթուղու պատմությունը սկիզբ է առնում 1895 թվականից, երբ Նիկոլայ 2-րդ ցարը ստորագրեց հրաման Թիֆլիս-Կարս երկաթուղու կառուցման մասին: Շինարարական աշխատանքների ֆինանսավորումն իրականացվեց պետական գանձարանի միջոցներով, իսկ շինարարական աշխատանքները վերահսկեց ինժեներ-ճանապարհաշինարար Եվգենի Դմիտրովիչ Վուրցևը: 1899թ. փետվարին, առաջին գնացքը հաղթահարելով 180 կմ-անոց ճանապարհահատվածը, Թիֆլիսից ժամանեց Ալեքսանդրապոլ` Գյումրի, իսկ 1902թ. դեկտեմբերի 6-ին ժամանեց նաև Էրիվան` Երևան: Այդ ժամանակից ի վեր, Հայաստանի համար, որը գտնվում էր ծովի մակերևույթից 1800մ բարձրության վրա և անմիջական ելք չուներ  դեպի ծով, երկաթուղային տրանսպորտն ունեցավ կարևոր ստրատեգիական նշանակություն` ապահովելով հուսալի տրանսպորտային կապ, նպաստելով հանրապետության տնտեսական և սոցիալական զարգացմանը:

Գյումրիի կայարանամերձ հրապարակում տոնական տրամադրություն էր, ստեղծվել էր Նիկոլայ ցարի ժամանակների աուրան, կային բազմաթիվ հյուրեր, երկաթուղայիններ, պաշտոնյաներ: Շոգեքարշով Երևանից Գյումրի ժամանեց նաև մայրաքաղաքի պատվիրակությունը:

“Գյումրի” կայարանում բացվեց Հայաստանի պատմության մեջ “Երկաթուղային տեխնիկայի” առաջին թանգարանը: Բացման պատիվը շնորհվեց ՌԴ դեսպան Իվան Դոլինկինին, “Հարավկովկասյան երկաթուղիներ” ՓԲԸ տնօրեն Վիկտոր Ռեբեցին և Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին:

Ելույթներով հանդես եկան և ոլորտի աշխատակիցներին պարգևատրեցին “Հարավկովկասյան երկաթուղիներ” ՓԲԸ տնօրեն Վիկտոր Ռեբեցը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Դոլինկինը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ կապի և տրանսպորտի փոխնախարար Հրանտ Բեգլարյանը, ԱԺ փոխնախագահ Հեղինե Նաղդալյանը, ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Թեև նախապես հրապարակված ծրագրով նշված էր վարչապետ Տիգրան Սարգսյանի, կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի ելույթները, սակայն վերջիններս ներկա չէին տոնին: Իսկ պաշտոնական արարողությունից հետո միջոցառումը շարունակվեց տոնական երգ ու պարով:

Ի դեպ, այսօր` օգոստոսի 4-ին, Հայաստանում երկաթուղին փոխադրումները կատարում էր բացարձակապես անվճար:

Tags: