«Հեռուստասերիալներով մարդիկ բթանում են». Լիանա Զուրաբյան

Liana4_ts1323257311 (1)«Ըստ իս` այժմ մարդիկ ավելի մոտ են կանգնած ասմունքին և թյուր է այն կարծիքը, որ տարիների ընթացքում նրանք հեռացել են պոեզիայից: Ասմունքի աշխարհում ամիսը երկու անգամ պոեզիայի երեկոներ են լինում ու դահլիճը լեփ-լեցուն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ երիտասարդները որքանով են մոտ կանգնած ասմունքին եւ պոեզիային թեմայի շուրջ նշեց ասմունքող Լիանա Զուրաբյանը:

Բանախոսի համոզմամբ եթե նա լսող չունենա, այլեւս չի ասմունքի: Պոեզիան ավելի մտերմիկ լսարաններ եւ փոքրիկ կոլորիտ է սիրում:

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով մեր երկրում քիչ ասմունքողներ կան, ովքեր գնահատում են խոսքը: Շատ են նրանք, ովքեր նույն ինտոնացիայով միապաղաղ ասմունքում են կամ գոռում.

«Մի թերություն կա ևս. Շեշտը դրվում է մեծամասամբ Պարույր Սևակի, Համո Սահյանի, Չարենցի պոեզիայի վրա: Ես կարծում եմ, որ ասմունքողն արհամարհում և խուսափում է ժամանակակից պոեզիայից: Ամենասարսափելին այն է, որ այսօր երկուսից մեկը գրում է»:

Արքմենիկ Նիկողոսյանը կարծում է, որ ասմունքը պետք է ունենա ուսուցելու մշակույթ, կրթելու, զարգացնելու միտք: Խնդիրը մատուցման մեջ է. ասմունքողները պետք է կարդան, ոչ թե դերասանություն անեն: Կա մարդկանց մի մաս, ով գրավվում է այսօրվա ասմունքով, իսկ մի մասն ամբողջովին խուսափում է դրանից: Ասմունքողների մասին ասելը, որ ավելորդ են, դա ապուշություն է համարում: Գրականությունը թռիչքի մեջ է,  կարծում է, որ ասմունքի դպրոցը չի ուզում թռչել:

Ասմունքող Լիանայի պնդմամբ պետք է ասելիքով գործն ընտրել: Շատ բարդ է հանդիսատեսի ուշադրությունը երկու ժամ պահելը, երգելը ավելի հեշտ է, երաժշտությունն ունի գործիքավորում: Երաժշտությունը տալիս է հագուստ խոսքին, իսկ խոսքը մերկ է՝ պետք է այնպես ասմունքել, որ այն հոգի ներթափանցի ու հուզի.

«Մենք` ասմունքողներս, գրի և գրիչի միջնորդներ ենք: Ես կարդում եմ ժամանակակից բանաստեղծություն, միայն այն պարագայում, երբ այն հանգավորված է: Ժամանակակից գրողների գրածը խուճուճ է: Ես կարող եմ այն զգալ, բայց, եթե գործը չհասկացա, չեմ կարող մատուցել: Եթե մարդը սիրում է գիր-գրականություն, նա չի կարող չլսել ասմունքը»:

Լիանա Զուրաբյանը նշեց, որ դեմ չէ պաթետիզմին և ավելորդ տոնայնությանը: Նրանք ասմունքը չեն երգում և չեն թողնում մարդիկ բթանան: Հեռուստատեսությունը եթեր չի տալիս ասմունքը և թողնում է, որ հեռուստասերիալներով մարդիկ բթանան: Ամեն մարդ պոեզիա չի լսում, իսկ նրանք, ովքեր լսում են, երբեք Արմենչիկ չեն լսի:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Tags: