Շառլ Ազնավուրի անվան հրապարակում բացվել է ինտերակտիվ շախմատային տախտակ

002 (1)Կենտրոն վարչական շրջանում կատարած աշխատանքային շրջայցի ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Շառլ Ազնավուրի անվան հրապարակ, ծանոթացել այնտեղ ընթացող բարեկարգման և արտաքին ձևավորման աշխատանքներին:

Տարոն Մարգարյանը ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի հետ մասնակցել է նաև «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ տեղադրված ինտերակտիվ շախմատի տախտակի բացմանը:

Ընդգծելով մայրաքաղաքում այսպիսի նորամուծությունների կարևորությունը` Տարոն Մարգարյանը շեշտել է, որ նման հետաքրքիր ու ինտերակտիվ ձևավորումները կարևոր են նաև դաստիարակչական առումով և ինքնատիպ խթան կհանդիսանան շախմատի նկատմամբ հետաքրքրության էլ ավելի բարձրացմանը: Քաղաքապետը նաև նշել է, որ մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման այսօրինակ լրացումները կրելու են շարունակական բնույթ և համալրելու են բոլոր վարչական շրջանները:

Ի դեպ, շախմատի տախտակը միայն դեկորացիա չէ. ցանկության դեպքում յուրաքանչյուր ոք կարող է բարձրանալ մոտ 30 քմ մակերեսով խաղատախտակի վրա ու, տեղափոխելով խաղաքարերը,  շախմատ խաղալ:

Մասնավորի հետ արդյունավետ համագործակցության հերթական արդյունք հանդիսացող երևանյան այս նորույթը միանգամից գրավել է երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի ուշադրությունն ու հիացմունքը: Տարածքը, ի դեպ,  վերահսկվում է տեսախցիկներով:

 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Tags: