Խաղաղության կորպուսը մեկնարկեց

images (3)«Խաղաղության կորպուսն ունի երեք նպատակ, երեք առաքելություն՝ մասնագիտական օգնություն ցուցաբերել հյուրընկալվող երկրին, օգնել հյուրընկալել երկրի ժողովրդին ավելի լավ ճանաչել ամերիկյան ժողովրդին եւ օգնել ամերիկյան ժողովրդին ավելի լավ ճանաչել հյուրընկալող ժողովրդին»,-այսօր 31 ԱՄՆ Խաղաղության կորպուսի /ԽԿ/ կամավորի երդմնակալության հանդիսավոր արարողության ժամանակ նշեց Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը:

ԽԿ կամավորները դասընթացների ավարտից հետո կմեկնեն Հայաստանի տարբեր շրջաններ, որտեղ կապրեն երկու տարի եւ կաշխատեն ԽԿ-ի երկու ծրագրերի շրջանակներում՝ անգլերեն լեզվի ուսուցում եւ համայնքի ու երիտասարդության զարգացում: Միջոցառումը նաեւ տոնում էր 11 շաբաթյա հաջող ավարտը, որի ընթացքում կամավորները նաեւ սովորել էին ինտենսիվ հայերեն:

Միջոցառման ժամանակ կամավորները ներկայացրեցին հայերեն երգ, եւ հյուրերի հետ կիսեցին Հայաստանից ստացած իրենց տպավորությունները: Կամավորների այս նոր խումբը կհամալրի արդեն աշխատող կամավորների շարքերն ու Հայաստանի դպրոցներում, համալսարաններում եւ հասարակական կազմակերպություններում աշխատող կամավորների թիվը կհասնի մոտ 80-ի:

Դեսպանի խոսքով կամավորներն ապրելու են հայ ընտանիքների հետ, նրանք մեր լավագույն դեսպաններն են:  Ամերիկացի կամավոր Լիեմ Զաերը մեզ հետ զրույցում նշեց, որ անգլերենի ուսուցիչ է աշխատելու Սեւանում 2 տարի: Հայաստան այցելում է առաջին անգամ եւ շատ է հավանել մարդկանց, երաժշտությունը, պատմությունն, ուտելիքը եւ լեզուն: Լեզուն շատ դժվար է, նրանք զրոյից ամեն ինչ սովորելու են:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Tags: