Հայաստանի գծով մասնագետը նշանակվել է Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատար

3Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատար նշանակված գեներալ Հուլուսի Աքարը Հայաստանի գծով մասնագետ է, հաղորդում է թուրքական «Սաբահ» թերթը:

Թուրքիայի բարձրագույն զինվորական խորհրդի անակնկալ որոշմամբ այս պաշտոնին նշանակված գեներալը Բաղազիչիի համալսարանի Աթաթուրքի սկզբունքների և հեղափոխության պատմության ինստիտուտում «Գեներալ Հարբորդի առաքելությունը Հայաստան. մի ամերիկյան պատվիրակության պատմությունը և դրա ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա» թեմայով դոկտորական ատենախոսություն է պաշտպանել:

Գեներալ Հուլուսի Աքարի մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում է Հայկական հարցը և թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա հայկական լոբիի ազդեցության խնդիրը:

Հավելենք, որ Հուլուսի Աքարը Թուրքիայի հանրապետական շրջանի պատմության մեջ ցամաքային զորքերի ամենաերիտասարդ հրամանատարն է:

Թերթը նշում է, որ գեներալ Աքարը, ըստ շրջանառվող տեղեկությունների, 2015թ.-ին զբաղեցնելու է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը:

Tags: