Հուլիսի 1-ից վարչական շրջաններում մեկնարկել և շարունակվում են ամառային բակային ճամբարները: Մայրաքաղաքում ամառային հանգիստն անցկացնող մանուկների առօրյան առավել հետաքրքիր, բովանդակալից ու լիարժեք դարձնելու նախաձեռնությունը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանինն է:
Ծրագրի շրջանակում երեխաները մասնակցում են ինչպես մշակութային, այնպես էլ մարզական տարաբնույթ միջոցառումների և մրցույթների: Ճամբարային առօրյայի շրջանակում երեխաների համար կազմակերպվում են անվճար էքսկուրսիաներ Կենդանաբանական այգի և թանգարաններ, նաև այցելություններ պատմամշակութային վայրեր:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը տեղեկացրել է, որ ծրագրի մեկնարկից առ այսօր բակային ճամբարներին մասնակցել է տարբեր տարիքային խմբերի ավելի քան 10 հազար երեխա:
Ի դեպ, միջոցառումների ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել նաև ծնողների ու երեխաների առաջարկները:
Մայրաքաղաքում կազմակերպվող բակային ճամբարները շարունակվելու են մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
