Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հետևել է մայրաքաղաքի ջրահեռացման համակարգի ընդլայնման աշխատանքներին

002Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը “Երևան Ջուր” ընկերության տնօրեն  Գոռ Գրիգորյանի ուղեկցությամբ հետևել է մայրաքաղաքում կառուցվող նոր ջրագծերի, ջրահեռացման համակարգի ընդլայնման և անձրևորսիչների տեղադրման աշխատանքներին: Մայրաքաղաքի հեղեղատար համակարգի ամբողջ երկարությունը 253 կիլոմետր է: Ցանցն ամբողջապես սպասարկվում է”Երևան Ջուր” ընկերության կողմից, սակայն ոչ բոլոր փողոցներն են ապահովված ջրահեռացման համակարգերով: Թեև ցանցն ընդհանուր առմամբ բավարարում է առկա պահանջներին, այդուհանդերձ առանձին հատվածներում առատ տեղումների ժամանակ ժամանակավոր որոշ դժվարություններ են առաջանում: Խնդրին աստիճանական լուծում տալու համար Երևանի քաղաքապետարանն ու “Երևան Ջուր” ընկերությունը լայնածավալ աշխատանքներ են իրականացնում: Կամո Արեյանը եղել է  քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրով հիմնանորոգվող 30 փողոցներից մի քանիսում, ուր, մինչ կապիտալ ասֆալտապատումը կկառուցվեն լրացուցիչ անձրևատար  համակարգեր: Ծրագիրը մեկնարկել է ապրիլ ամսից և կշարունակվի մինչև տարեվերջ: Հալաբյան փողոցում, մասնավորապես, անցկացվում է ջրատար նոր համակարգ, իրականացվում են նոր դիտահորերի և անձրևընդունիչնրի  տեղադրման աշխատանքներ: Անձրևաջրերի կուտակման առումով խնդրահարույց հատվածներից մեկը Իսակովի պողոտա – Բաբաջանյան փողոց հանգույցն էր: Այստեղ կառուցվում է նոր պոմպակայան, որի միջոցով կուտակված ջուրը կմղվի ջրահեռացման համակարգ: Հալաբյան փողոցի Կիևյան փողոցին հարող հատվածում կավելանա անձրևորսիչների թիվը: Աշխատանքային շրջայցի ընթացքում քաղաքապետի առաջին տեղակալը նաև կոնկրետ հանձնարարականներ է տվել՝ կապված ինչպես աշխատանքների որակի, այնպես էլ ժամանակացույցի հետ: Լենինգրադյան,Գյուրջյան, Գլինկայի և խնդրահարույց ևս 9 փողոցներում  անձրևաջրերի կուտակման սպառնալիքը վերացել է 2011-2012 թվականներին Երևանի քաղաքապետարանի և “Երևան Ջուր” ընկերության համատեղ ֆինանսավորմամբ կառուցված 2.2 կմ երկարությամբ ջրահեռացման նոր համակարգ անցկացնելու արդյունքում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով, “Երևան Ջուր” ընկերության հետ կազմվել է վերակառուցման և հեղեղատար նոր համակարգի կառուցման համաքաղաքային ծրագիր, որում ներառվել են 74 փողոցներ: Ծրագրի լիարժեք իրականացման համար կպահանջվի շուրջ 2.2 միլիարդ դրամի ներդրում:  Աշխատանքներ նախ կիրականացվեն հրատապ լուծում պահանջող փողոցներում: 2013 թվականի ապրիլ ամսից մինչ օրս թվով 33  փողոցներում վերակառուցվել է շուրջ 850 գծամետր հեղեղատար համակարգ: Գույքագրվել են նաև 22 փողոցներ, որոնցում դիտահորերի նիշային մակարդակը չի բավարարում ջրահեռացումն ամբողջ ծավալով կատարելու համար: Պատասխանատուների խոսքով  կխստացվի նաև վարչարարությունը , որպեսզի բնակիչներն ու տնտեսվարողները  ապօրինի գործողություններով չկարողանան խոչընդոտել ջրահեռացման համակարգերի բնականոն աշխատանքին:   Ջրահեռացման նոր համակարգերի կառուցման, վերակառուցման  և անձրևորսիչների  տեղադրման աշխատանքները կշարունակվեն նաև 2014 թվականին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Tags: