Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի է ունեցել Հայագիտական համահայկական 6-րդ օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում են 8 երկրներից ժամանած 150 դպրոցականներ: Ողջունելով օլիմպիադայի մասնակիցներին` ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը շեշտել է, որ Հայագիտական համահայկական օլիմպիադան վաղուց դարձել է հայկական աշխարհի կարևոր դրսևորումներից մեկը` միավորելով աշխարհի տարբեր ծայրերում ապրող ու հայեցի կրթությամբ շահագրգիռ պատանիներին: “Օլիմպիադան արդեն դարձել է ավանդական միջոցոռում ինչպես մեր, այնպես էլ Սփյուռքի դպրոցականների համար, ովքեր կարևոր առաքելություն ունեն պահպանելու հայ մարդու տեսակը` անկախ երկրի գտնվելու աշխարհագրական դիրքից, վայրից ու հեռավորությունից: Նրանք հայրենիք են եկել` իրենց ուժերն են չափելու արդեն վեցերորդ անգամ: Բոլորին ողջունում եմ և մաղթում հաջողություն”,- բացման խոսքում նշել է Մ. Մկրտչյանը:
Հայագիտական համահայկական 6-րդ օլիմպիադան կազմակերպում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և այս տարի առաջին անգամ անցկացվելու է նաև Հայ առաքելական եկեղեցու պատմության մրցույթը: Օլիպիդան կանցկացվի օգոստոսի 9-15-ը` Ծաղկաձորում:
Միջոցառումների նպատակն է` խթանել և խրախուսել հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության և հայ մշակույթի իմացությունը սփյուռքի հայկական դպրոցներում, հնարավորություն տալ այլ երկրներում բնակվող մեր հայրենակիցներին առողջ մրցակցության պայմաններում դրսևորել իրենց գիտելիքներն ու ստեղծագործական կարողությունները՝ նպաստելով առավել շնորհալի պատանիների հայտնաբերմանը:
Օլիմպիադային և Հայ առաքելական եկեղեցու պատմության մրցույթին կարող են մասնակցել 14-18 տարեկան հայերեն ուսուցմամբ վարժարանների և կրթօջախների, այդ թվում` մեկօրյա դպրոցների սաները, ինչպես նաև այլ դպրոցներ հաճախող հայ և օտարազգի պատանիներ:
Օլիմպիադան ընդգրկում է հարցեր հայոց լեզվից, գրականությունից, հայոց պատմությունից և հայ մշակույթի պատմությունից: Մասնակիցները պետք է կարողանան դրսևորել գիտելիքներ բոլոր ոլորտներից: Հայերեն լեզվին չտիրապետող կամ օտարազգի մասնակիցներն ազատվում են հայոց լեզվին վերաբերող հարցերից, սակայն հայ գրականության և պատմության իմացության պահանջը մնում է ուժի մեջ:
Հայոց եկեղեցու պատմության մրցույթն անցկացվելու է առանձին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի անմիջական հովանավորությամբ և աջակցությամբ:
