Մարդկանց մեծամասնությունը վախենում է իրենց հեռախոսի կամ պայուսակի պատճառով հարձակման ենթարկվելուց, սակայն Վենեսուելայի Մարակայբո քաղաքի հանցագործները իրենց ուշադրությունը կենտրոնացրել են անսովոր բանի վրա:
Ըստ տեղական լրատվական աղբյուրի՝ պիրանյա անունով հայտնի հանցագործների խումբը ատրճանակի սպառնալիքի տակ գողանում է կանանց մազերը:
Վենեսուելայի Informe 21 թվային թերթի տվյալներով՝ հանցագործները մազերը վաճառում են գեղեցկության սրահներին, որտեղ դրանք օգտագործվում են մազերի արհեստական երկարացման համար:
Գողերը հիմնականում թիրախ են դարձնում երկար, ուղիղ մազերով կանանց, քանի որ այդ տիպի մազերը մեծ պահանջարկ ունեն:
Ըստ CNN-ի՝ այս բիզնեսը բավականին շահութաբեր է, քանի որ մազերի արհեստական երկարացման արժեքը հասնում է մինչև 500 դոլարի:
Վենեսուելացի ոճաբանը Globovision news-ին հայտնել է, որ մազերի արհեստական երկարացման պահանջարկը երկրում աճել է 30 տոկոսով՝ ավելացնելով, որ իր գեղեցկության սրահը փողոցի վաճառողներից մազեր չի գնում, քանի որ իրենք չգիտեն, թե որտեղից են նրանք վերցրել այն:
Մարակայբոի քաղաքապետը նշել է, որ իրենք մեծացրել են անվտանգության աշխատակիցների թիվը, որպեսզի մարդկանց համար անվտանգություն ապահովեն:
