Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով. Պուտին

1Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել  միայն քաղաքական ճանապարհով. հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո, հաղորդում է “ԱՊԱ”-ն` վկայակոչելով ՌԻԱ Նովոստին:

“Բանակցությունների ընթացքում մենք ադրադարձել ենք ընթացիկ միջազգային հարցերին, այդ թվում, իհարկե, Ղարաբաղյան հիմնախնդրին: Ռուսաստանն ակտիվորեն աջակցում է Ղարաբաղյան խնդրի արագ կարգավորմանը, որը հնարավոր է իրականացնել միայն քաղաքական ճանապարհով”,-հայտարարել է Պուտինը:

“Լուծումը պետք է հիմնված լինի պատմական արդարության, միջազգային իրավունքի և միջազգային կազմակերպությունների որոշումների ու բանաձևերի վրա”,- իր հերթին ասել է Ալիևը:

Համատեղ ասուլիսի ընթացքում Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրներին, այդ թվում՝ Կասպից ծովի իրավական կարգավիճակին, նավատորմների խնդրին, էկոլոգիական վիճակին:

Ռուսական պատվիրակության այցի ընթացքում երկու երկրների միջև մի շարք համաձայնագրեր են ստորագրվել:

Ուշագրավ է, որ համաձայնագրերի ստորագրման հանդիսավոր արարողության ժամանակ հաղորդավարը լեզվի սայթաքում է թույլ տլվել և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի անունը արտաբերելիս ասել է “Սիկտ”, որը ադրբեջաներեն հայհոյանք է (տեսանյութի 4:54-րդ րոպեում):

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորած պատվիրակությունը օգոստոսի 13-ին պաշտոնական այցով ժամանել էր Ադրբեջան: