Շինաշխատանքները պետք է կազմակերպվեն բնապահպանական չափանիշների պարտադիր ապահովմամբ

nkar 11Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի  հանձնարարությամբ շինարարական աշխատանքների կազմակերպման համար տրամադրվող քաղաքաշինական փաստաթղթերում պարտադիր պետք է ամրագրված լինի  շինհրապարակը բնապահպանական չափանիշներով կահավորելու բաղադրիչն ու համապատասխան պայմանների ապահովումը` շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունը նվազեցնելու և հարակից տարածքներն աղտոտումից զերծ պահելու համար: Այսօր արդեն համապարփակ մոտեցում է կիրառվում շինհրապարակների  պատնեշների միասնական պաստառապատման ուղղությամբ: Բնապահպանական բաղադրիչի  ապահովումը ամրագրված է նաև Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ:  Մասնավորապես, պարտադիր է նախագծում շինարարական հրապարակ կազմակերպելու համար անհրաժեշտ հատակագծային լուծումներ ներառելը. հստակ պետք է նշվի , թե ինչպես է շինհրապարակը սահմանազատվելու, պատնեշը ինչ նյութերից պետք է լինի, շինարարարական հրապարակի ներսում,  արդեն անհրաժեշտությամբ պայմանավորված, ստացիոնար աշխատող վերամբարձ կռունկները որտեղ պետք է տեղադրվեն, շինարարական նյութերը որ հատվածներում են կուտակվելու: Այս պայմանների ապահովումը անհրաժեշտ է նաև շինարարներին՝ քաղաքակիրթ և անվտանգ շինարարություն ծավալելու նկատառումով: Ավագանու սույն որոշմամբ արգելվում է նաև շինարարական թափոնները շինհրապարակի տարածքից դուրս կուտակելը: Սահմանված չափանիշները չպահպանող կառուցապատող ընկերություններն, ըստ խախտման բնույթի, կենթարկվեն   վարչական պատասխանատվության: Շրջակա միջավայրի վրա ազդեցության կանոնները խախտելով շինարարական աշխատանքների կազմակերպման դեպքում նախատեսվում է վարչական տուգանք՝ 30-ից 50000 դրամի չափով: Կառուցապատողներն այս ամենին պատշաճ կերպով ծանուցվել և լրացուցիչ իրազեկվել են: Այդուհանդերձ, այս տարի մինչ օրս արձանագրվել է իրավախախտման 80 դեպք:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Tags: