Սամվել Բալասանյանը Գյումրիի խնդրահարույց այգու մասին

26 003 (1)Վերջերս, երևանյան մամուլով իր դժգոհություններն էր  հայտնել Գյումրիի «Բոշի սադի»` Խաղաղության օղակում գտնվող այգու նախկին վարձակալ Հարութ Մուրադյանը: Նա նշել է, թե 2000 թվականից ինքն է վարձակալել տարածքը և այս մայիսին վերջացել է ժամկետը, ու նոր քաղաքապետը որոշել է այն ուրիշին տրամադրել: Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը Մուրադյանին հրավիրել ու ասել է. “Այգին վատ վիճակում է, ներկի, վերանորոգի”: Համաձայնության են եկել, հետո քաղաքապետարանի տարբեր աշխատակիցներ, ըստ Մուրադյանի, եկել , օրը մի բանի չհավանել ու գնացել են: Այգում է գտնվում նաև Հարութ Մուրադյանի եղբոր հիշատակին կառուցված կոթողը: Մուրադյանն այստեղ նաև սրճարան է հիմնել ու հիմա չի պատկերացնում, ինչպե՞ս է այս հարցին լուծում տրվելու:

Այսօր խնդրին անդրադարավ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը. “Թերթերից մեկում հրապարակում գնաց, թե մենք ուզում ենք այգին վերցնել և այլն. էդպես չէ: Կանչեցինք, ասեցինք` այգին պետք է կարգավորվի, վիճակն իրոք շատ տխուր է: Երբ մենք մարզպետի հետ գնացինք այնտեղ, հասկացանք, որ անպայման պետք է լուրջ ներդրում կատարվի, որովհետև շատ կարևորագույն զբոսայգի է մեր ժողովրդի համար: Առաջարկություն կատարվեց` ծրագիր լինի, մեծ գումարներ պետք է ներդրվեն և այդտեղ ոչ թե կլարնետային չգիտեմ ինչ-որ երաժշություն իրականացվի, անցել է դրա դարը, ուղղակի, պետք է կարողանանք քաղաքակիրթ բան անել` երեխայի, երիտասարդի, մեծի համար անել: Երկու րոպե հետո դրան քաղաքական աստառ տրվեց, թե ուզում ենք խլել, տանել, վերցնել, չգիտես ինչ: Կա՞ ներդրող, ես կարող եմ տրամադրել շատ այգիներ, պուրակներ, զբոսայգիներ, լավ տեղեր, եթե կառուցապատման խնդիր կա` հողեր տրամադրել: Ես ուրախ կլինեմ, եթե կառուցապատվի քաղաքը, իմ խնդիրը դա է: Եթե կան ներդրողներ, խնդրեմ»:

Ի դեպ, այգու համար նոր վարձակալի հետ պայմանագիր դեռ չի կնքվել, և որևէ անուն առայժմ չի նշվում:

Tags: