Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը քննարկեց շինարարության արժեքի հաշվարկման հարցը

IMG_0421Գործող գներով շինարարության արժեքի հաշվարկման նոր մեթոդաբանությունը քննարկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ միջգերատեսչական հանձնաժողովի նիստ:

Այս անգամ հինականում քննարկումը ծավալվեց շինարարության ոլորտի աշխատավարձի ձևաչափի սահմանման շուրջ: Հանձնաժողովականների մոտեցումները 2 սկզբունքային տեսակետների էին բաժանվում: Առաջինը` Վերահսկիչ պալատի տեսակետն էր, որի համաձայն առաջարկվում է աշխատավարձի 1 ժամվա դրույքաչափը հաշվարկելիս հիմք ընդունել ազգային վիճակագրական ծառայության տվյալը` ամսական միջին աշխատավարձի վերաբերյալ: Երկրորդ տեսակետը, որի կողմնակից էին շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչները` առաջարկվում է աշխատավարձը հաշվարկելիս հիմք ընդունել նվազագույն աշխատավարձի նկատմամբ համապատասխան գործակցը:

Նախարար Ս. Թադևոսյանը, շեշտելով հարցի կարևորությունը, հորդորեց ներկաներին զգուշավորություն ցուցաբերել հատկապես աշխատավարձի նոր սխեմայի ձևավորման հարցում, քանի որ ոչ միայն այս սկզբունքային հարցից են ածանցվում վերադիր ծախսերի, շահույթի չափի, տրանսպորտային ծախսերի և այլ կարևոր հաշվարկները, այլ նաև կարող է ուղղակի ազդեցություն ունենալ շինարարության որակի վրա:

Նախատեսվում է շինարարության արժեքի հաշվարկման նոր կարգը կառավարություն ներկայացնել սեպտեմբերին, ուստի պարոն Թադևոսյանը կոչ արեց հանձնաժողովի մասնակիցներին սեղմ ժամկետում ամփոփել ներկայացված առաջարկներ:

Նիստում քննարկում ծավալվեց նաև վերադիր ծախսերի, շահույթի չափի, տրանսպորտային ծախսերի հաշվարկների, շինմոնտաժային աշխատանքներում նյութերի և այլ հարցերի շուրջ:

Հիշեցնենք, որ միջգերատեսչական հանձնաժողովը ստեղծվել է ՀՀ վարչապետի որոշմամբ` «Պետական կարիքների համար իրականացվող կապիտալ ծախսերի հաշվարկի հիմքում դրվող ապրանքատեսակների կողմնորոշիչ գների և շինարարության ոլորտում գների ինդեքսների հաշվարկման կարգը հաստատելու մասին» որոշման 3-րդ կետի պահանջների կատարման և ՀՀ վերահսկիչ պալատի ներկայացրած առաջարկությունների քննարկման նպատակով:

 ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Tags: