ՙԲազե՚, օր 4-րդ. հայտնի են միջճակատային մրցույթների առաջին հաղթողները,լուսանկարներ

 

6Օգոստոսի 15-ին ՙԲազե՚ երիտասարդական հավաքում հայտնի դարձան ֆուտբոլի, լողի, շախմատի, նկարչության միջճակատային մրցույթների հաղթողները։ Հավաքի տնօրեն Հովհաննես Գաբրիելյանը նշում է, որ տարեցտարի ավելանում է մարզված, ինտելեկտուալ և մշակութային պատրաստվածություն ունեցող երիտասարդների թիվը։ Նա նկատում է, որ հավաքի նախընտրական փուլերում բավականին բարդ է եղել մասնակիցների ընտրությունը, քանի որ շատ են ակտիվ ու պատրաստված երիտասարդները։ Հովհաննես Գաբրիելյանը գնահատում է այդ ակտիվությունը՝ նշելով, որ նախաձեռնող երիտասարդները մեր ապագան են։

Մարզամշակութային մրցույթներին զուգահեռ բազեականները հանդիպումներ են ունենում պետական, քաղաքական, մշակութային գործիչների հետ։ Հովհաննես Գաբրիելյանը նկատում է, որ այդ հանդիպումների ընթացքում երիտասարդներն անկաշկանդ մթնոլորտում բարձրացնում են իրենց հուզող հարցերը և կառավարության ներկայացուցիչներին ներկայացնում այն տրամադրություններն ու խնդիրները, որոնք կան երիտասարդության շրջանում։ Մասնավորապես այս օրերին հանդիպումներ են կայացել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ։ Իսկ վաղը բազեականները հյուրընկալելու են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։

ՙԵրևան-1՚ ջոկատը ներկայացնող Գրիգորի Սահակյանը հավաքում մասնակցել է պարանի ձգման, բազկամարտի մրցույթներին և իր ջոկատի ընկերների հետ բավականին հաջողություններ ունի։ Մայրաքաղաքը ներկայացնող երիտասարդը նշում է, որ ՙԲազեն՚ երիտասարդությանը համախմբող ծրագրերից մեկն է, ինչը նաև իրենց ինքնադրսևորման, առաջին քայլերը կատարելու հանարավորություն է տալիս։

Երիտասարդների մշակութային ելույթներն ու սպորտային մրցույթները գնահատում են մարզական ֆեդերացիաները ներկայացնող մրցավարները և պրոֆեսիոնալ ժյուրին։ Մասնավորապես, երգի մրցույթի ժյուրիի նախագահն է կոմպոզիտոր Արամ Սաթյանը, ժյուրիի կազմում են Նադեժդա Սարգսյանը, Աննա Մայիլյանը, Լեյլա Սարիբեկյանը։ Երգչուհի Լեյլա Սարիբեկյանի գնահատմամբ՝ երգի մրցույթում շատ լավ, շնորհալի երգիչ-երգչուհիներ կան։ Լեյլա Սարիբեկյանը նշում է, որ առաջին հերթին գնահատում է հոգին, որ ներդնում են կատարողները ստեղծագործության մեջ։ ՙԻսկ եթե հոգու հետ միանում է նաև գեղեցիկ ձայնը, տեմբրը, ասելիքը, ապա կարող ենք ասել, որ մարդը ոչ թե պարզապես կատարում է, այլ երգում։ Ես կարևորում եմ ճաշակով երգի ընտրությունը՚,- ասում է Լեյլա Սարիբեկյանը։ Աննա Մայիլյանն էլ նկատում է, որ իր համար շատ կարևոր է կատարողի արտաքինի, ձայնի, երաժշտականության, երգի մեկնաբանման համադրումը։ ՙԲազե՚ հավաքում, ըստ երգչուհու, կան այդպիսի երիտասարդներ։

Հիշեցնենք, որ ՙԲազե՚ հավաքը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Հավաքին մասնակցում է շուրջ 500 երիտասարդ ՀՀ-ից, Ջավախքից, Արցախից և սփյուռքից: ՀՀ պետական դրոշի գույները խորհրդանշող ճակատներում երիտասարդական 45 ջոկատներ մրցում են մարզամշակութային, ինտելեկտուալ խաղերում։

 

Tags: