Գերմանական Հենկել ընկերությունը խնդրի առաջ է կանգնել, երբ ուկրաինացիները բողոքել են, որ ընկերության արտադրած զուգարանի օդի թարմացուցիչը պարունակում է իրենց դրոշի գույները:
Դեղին և կապույտ գույն ունեցող թարմացուցիչը արևելյան Եվրոպայում հանվել է վաճառքից, երբ ռուսական հեռուստաալիքով ցուցադրված դրա գովազդը տեսել են հարևան Ուկրաինայում:
Գովազդում ցուցադրվում է, թե ինչպես է երկրի դրոշին նմանվող թարմացուցիչը տեղադրվում զուգարանակոնքին:
Ուկրաինայում Հենկել ընկերության ներկայացուցչության գլխավոր տնօրեն Թորե Բորելը նշել է, որ ընկերությունը բողոքներից հետո երեք օրվա ընթացքում վաճառքից հանել է արտադրանքը՝ ներողություն խնդրելով իրենց դիզայնով մարդկանց վիրավորելու համար:
Նա նաև նշել է, որ դեղինը բնորոշում էր արտադրանքի կիտրոնի բույր ունենալը, իսկ կապույտը խորհրդանշում էր ջուրը և հիգենան:
