Ինչպես տեղեկացրել էինք ankakh-com-ի ապրիլի 30-ի “Գյումրու հրապարակի եղևնիները կտեղաոխվե՞ն, թե՞…” հոդվածում, առաջ էր քաշվել Գյումրու Վարդանանց հրապարակի եղևնիների տեղափոխման հարցը: Գյումրու “Հոկտեմբեր” կինոթատրոնի դահլիճում տեղի ունեցավ հանրային քննարկում: Մասնակցում էին ինչպես քաղաքապետարանի, այնպես էլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ և այլք: Պատմության մեջ առաջին անգամ Գյումրիում անցակացվեց իրական հանրային քննարկում, որտեղ մարդիկ հայտնեցին իրենց դիրքորոշումները հարցի վերաբերյալ և բերեցին դրանց հիմնավորումները: Մասնավորապես հնչեցին իրարամերժ կարծիքներ. ոմանք կողմ էին եղևնիների հեռացմանը, ոմանք` ոչ: Քննարկումը նախագահող փոխքաղաքապետ Ռուբիկ Սանոյանը նշեց, որ եղևնիների տեղափոխման հարցն առաջ են քաշել ինչպես մի շարք քաղաքացիներ, այնպես էլ իրավաբանական կառույցներ` մատնանշելով “Հայէկոնոմբանկ”-ին: Սակայն հանրային քննարկմանը բանկից որևէ ներկայացուցիչ չէր մասնակցում:
Ի դեպ, հրապարակն այս եղևնիներից ազատվելու համար քննարկումներ կատարվել են նաև նախկին քաղաքապետի օրորք` մի քանի անգամ:
Կազմակերպվել էր նաև առցանց հարցում` քաղաքապետարանի պաշտոնական կայքում, օգոստոսի 9-14-ը: Հարցը` “Համաձա՞յն եք արդյոք, որ հրապարակի եղևնիները փոխարինվեն այլ դեկորատիվ միջոցներով”, հավաքել էր գրեթե հավասար ձայներ. մասնացկել էր 1026 մարդ, որից կողմ էին քվեարկել 48.7%-ը, դեմ` 51.3%-ը:
Քաղաքապետարանը հանրային քննարկման համար հարցը ձևակերպվել է, ոչ թե կտրել ծառերը, այլ` տեղափոխել, որպեսզի բացվի հրապարակի տեսքը, երևան շենքերը:
“Շիրակ կենտրոն” ՀԿ նախագահ Վահան Թումասյանն իր ելույթում նշեց. “Որքան հիշում եմ վերջին 10 տարին` նման քննարկումներ եղել են: Կարծում եմ, քաղաքի համար այս պահին էական չէ անդրադառնալ հրապարակին: Հրապարակն արդեն նորմալ վիճակի բերված է և պետք է անցնենք քաղաքի ծայրամասերին, տնակային ավաններին, ահավոր վիճակ է: Եվ ծախսեր, քննարկումներ անենք այդ թաղամասերն ու փողոցները վերականգնելու համար”:
Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության պետ Սերգեյ Նազարեթյանը, սակայն, հակառակ կարծիքին էր. “Երբ հյուրեր են գալիս մեր հիմնարկ, անպայման բերում ենք հրապարակ և բոլորը միաբերան ասում են, որ եղևնիները նախ իրենք էդպիսի տեսք չունեն, երկրորդ` փակում են հրապարակի գեղեցկություն հանդիսացող երկու եկեղեցիները”:
Այս տեսակետըկիսում էր նաև քանդակագործ Արտուշ Պապոյանը. “Ես գտնում եմ, որ եղևնիները քաղաքի համար հարիր չեն: Ձեզ տուրիստի տեղ դրեք և պատկերացրեք, գալիս եք Գյումրի, ապրում հյուրանոցում, պատուհանը բացում և եղևնի եք տեսնում: Չի ասվում, թե եղևնին հանել տեղը ոչինչ չանել. կան բազմաթիվ դեկորատիվ ծառեր”:
Իսկ մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյան, որ ապրում է եղևնիներին շատ մոտ` նկատեց. “Երևի դուք էդքան չեք նայում եղևնիներին, ինչքան ես: Իմ տան դրվածքն էնպիսին է, որ ես ինչքան դուրս եմ գալիս պատշգամբ` եղևնիներն եմ տեսնում: Ես սիրում եմ այդ եղևնիները, չեմ կարող ինչ-որ ձևով ասել, որ եղևնիները չպետք է լինեն: Եվ հետո, “Կումայրի” հյուրանոցի շենքը էդ ինչ մի ճարտարապետական կոթող է իր փոքր պատուհաններով, որ եղևնիները խանգարում են”:
Շիրակի թեմը ևս հայտնել էր, որ դեմ է եղևնիների հատմանը, իսկ եթե դրանք տեղափոխվելու են այլ տեղ, ապա` դրան կողմ են:
Բնապահպան Լևոն Մարտիրոսյանն էլ շատ պարզ ու հստակ նշեց. “Դրանք չի կարելի հատել: Անընդհատ խոսվում է ծառերի տեղափոխության մասին. դա տեխնիկապես անհնար է: Հնարավոր է տեղափոխել մինչև 10 տարեկան փշատերև ծառերը: Մեր ծառերը 40 տարեկան են. ասեմ նաև, որ եղևնիների միջին տարիքը 150-200 տարի է, դրանք ծեր ծառեր չեն և շատ էլ գեղեցիկ են: Յուրաքանչյուր ծառի համար պետք է բնի մոտից մոտավորապես 4×4 կամ 5×5 չափի կապլավան փորվի: Ձմռան սառնամանիքի ժամանակ մի քանի ցիստեռն ջուր է լցվում, թողնում են, որ ջուրը սառի: Ամբողջ արմատային համակարգը պետք է սառի ջրի մեջ, հետո կռունկով բարձրացնում են ծառերը, տեղափոխում հատոկ փորած կապլավան` հեռու տեղ: Ծառերը դրվում, հողով փակվում են, հետո ամռանը սառույցն աստիճանաբար հալվում է և եղևնին, կարծես թե, նոր տեղում սկսում է կպնել և աճել: Միակ տեխնոլոգիան սա է: Այստեղ դա հնարավոր չէ անել, ծառերը շատ մեծ են: Իմաստ չունի էդքան փող ծախսել դրա վրա, դա չի կպնելու”:
Մյուս բնապահպանը` Գևորգ Պետրոսյանը, խնդրի էությունը բացահայտեց. “Եղևնիները հանելն այսօր ձեռնտու է ընդամենը երևի մի 2-3 բիզնեսմենի: Ինչու պետք է ողջ հասարակությունը զոհի իր ծառերը, որպեսզի մի երկու բիզնեսմեն կառուցեն իրենց շքեղ բանկերը կամ հյուրանոցները: Եթե արդեն կառուցված են, կառուցողը նախապես լավ գիտեր, որ այդտեղ կային ծառեր և դրանք աճելու բնավորություն ունեն: Մենք ունենք մի օրիգինալ երևույթ. “Հայէկոնոմբանկ”-ի շենքը, որն ապօրինի կերպով, առանց համապատասխան թույլտվությամբ / կառավարության որոշում է առնվազն պետ հանրապետական նշանակության նման շինությունը փոփոխելու համար/, այսօր մենք չունենք նման որոշում, բայց իրականացվում են շենքի վերակառուցման աշխատանքներ: Եվ եղևնիները պարզապես խանգարում են, որ շենքին մոտենան տարբեր կարգի տեխնիկաներ և իրականացնել այդ աշխատանքները: Ի՞նչ է, ապօրինի մի շինարարության համար մեր եղևնիները պետք է զոհե՞նք: Եթե ասում ենք` հարիր չեն եղևնիները էս հրապարակին, մուրացկանությունը հարի՞ր է մեր հրապարակին. եկեք քաղաքի բոլոր մուրացկաններին գնդակահարենք”:
Նրան լրացնում է Լևոն Բարսեղյանը. “2007թ. Անկախության հրապարակի եղևնիները կտրելու ավագանու որոշման տակ դրված են էն ժամանակվա գլխավոր նկարիչ, գլխավոր ճարտարապետի և կոմունալ բաժնի աշխատողների ստորագրությունները, թե Անկախության հրապարակի ծառերը ծեր են. փաստաթղթում գրված է, ավագանու 8 անդամ ստորագրել է, ծառերը հիվանդ են, կատարները մեծ մասը կտրված են և խաթարում են ճարտարապետական տեսքը: 4 սուտ արգումենտ: Էդ որոշման տակն էլ գրած է` դրանց տեղը տնկել գնդաձև ակացիաներ: 6 տարի է անցել, ու՞ր են էդ ծառերը, չկան: Եթե որևէ մեկը գտնում է, որ ծառը խաթարում է իր շենքին, թող շենքը քանդի` 5 մետր ետ սարքի: Մի կպեք էդ ծառրին: Մեր քաղաքն այնպիսի պրոբլեմների մեջ է, ինչպիսիք չունի Հայաստանի որևէ բնակավայր` բնակչության 15%-ն անօթևան է, 48%-ն աղքատ է, փոշու պարունակությունը տասն անգամ գերացանզում է նորման, փողոցների 80%-ն ավերակ է: Հարկավոր է 60-80 մլրդ դրամ, որպեսզի փողոցները խելքի գան. մեր բյուջեն 3.2 մլրդ դրամ է, և էլի շատ խնդիրներ ունենք: Սա էդ հարցը չէ: Մոտ 50 կատեգորիայի խնդիր կարող ենք թվել, հենց լուծեցինք այդ հարցերը, նոր մտածենք էս մասին: Ես ու իմ պես մտածողներն ամեն ինչ անելու ենք էդ ծառերը պահպանելու համար”:
Tags: գյումրի