Տևական ժամանակ է, ինչ դուք` Արցախյան պատերազմի մասնակիցներդ բողոքի շարժում եք ծավալել Ազատության հրապարակում:
Ի սկզբանե սոցիալական բնույթի պահանջներն այսօր արդեն համաժողովրդական են դարձել: Դա անխուսափելի էր, քանզի կամավորական ազատամարտիկին այնքան էլ վայել չէ որևէ մեկից ինչ-որ բան խնդրել, այն էլ ներկա իշխանությունից, այն էլ միայն իր համար: Կամավորականն ու զինվորը ինքը պետք է հոգա ընդհանուրի հոգսը, ինքը պետք է լինի երկրում խնդիր լուծողը: Իսկ մեր ազգի առջև ծառացած և հրատապ լուծման կարող խնդիրները անչափ շատ են կուտակվել:
Իշխող վարչախումբը, օլիգարխներով շրջապատված նախագահական պալատը, սնանկ կառավարությունը ունակ չեն դրանք լուծելու ոչ թե գիտելիքի կամ արհեստավարժության, այլ հայկականության ու սրտացավության պակասի պատճառով, օտարամոլության ու նյութապաշտության պատճառով, ազգային ներուժին չհավատալու պատճառով: Իսկ դուք՝ ազատամարտիկներդ, մեկ անգամ արդեն ապացուցել եք ձեր հավատը հայոց ներուժի հանդեպ ու հաղթել անհավասար կռվում: Այսօր էլ, եթե առիթ լինի, կհաղթենք: Սակայն թիկունքում նման իշխանություն ունենալով հաղթելը գրեթե անհնար է: Ժամ առաջ մենք պետք է ազատվենք սեփական ժողովրդին կեղեքող ու երկրից օտարող, ամեն ինչ զիջող, սրա նրա փեշի տակ ապահովություն փնտրող քաղաքական վերնախավից:
Միայն ազատամարտիկները չեն, որ այսօր սոցիալական անարդարության զոհ են: Ողջ ժողովուրդն է այդ վիճակում`ուսանող թե թոշակառու, աշխատող թե գործազուրկ, մտավորական թե մանր գործարար, արտագաղթող թե հայրենադարձվող: Բայց սոցիալական հարցերի լուծման բանալին պետականության ճգնաժամը հաղթահարելու մեջ է, երկրի քաղաքական ընթացքը կտրուկ փոխելու մեջ է, ազգային մեծ նպատակներ ու հեռահար ռազմավարություն ունենալու մեջ է, իսկ այս ամենն անհնար է առանց ազգային հեղափոխության: Ազգային հեղափոխությունն էլ անհնար է առանց պայքարին պատրաստ կամավորների, առանց Ազատամարտի փորձված վետերանների ու նրանցից օրինակ վերցնող, նրանց կողքին պայքարող երիտասարդ սերնդի:
Մենք հավատում ենք ազգային վերածննդին ու մեր հաղթանակին:
Մենք Ձեր կողքին ենք:
Tags: ազատամարտիկների շարժում, Հայազն Կուսակցության
