Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն Ադրբեջանում ընթացող թուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի (Թուրքական խորհուրդ) գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն աշխարհի բոլոր թուրքալեզու պետությունների համար կարևոր հարց է։
Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Աբդուլլահ Գյուլն ընդգծել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի կարճ ժամկետում:
“Մենք լիակատար աջակցություն կցուցաբերենք այդ հարցի խաղաղ լուծմանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Ես ցանկանում եմ` թուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի գագաթնաժողովը ապագայում անցկացվի Լեռնային Ղարաբաղում “,-ասել է Գյուլը։
Այսօր`օգոստոսի 16-ին, Ադրբեջանի Գաբալա քաղաքում տեղի է ունեցել թուրքական խորհրդի երրորդ գագաթնաժողովը: Գաղագթնաժողովին մասնակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը և Թուրքմենստանի վարչապետի տեղակալ Սաֆարդուրդու Թոյլիևը`դիտորդի կարգավիճակով:
Գագաթնաժողովի վերջում ընդունվել է Գաբալայի դեկլարացիան, որի 13-րդ կետը վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությանը:
“Ղարաբաղյան հակամարտությունը ամենամեծ խնդիրն է, որը խոչընդոտում է տարածաշրջանային կայունությանը և համագործակցությանը: Կողմերը (թուրքական խորհրդի անդամ երկրները) աջակցում են հակամարտության խաղաղ կարգավորմանը`միջազգային մակարդակով Ադրբեջանի սահմանների ճանաչման շրջանակներում”,-նշված է 13-րդ կետում:
Tags: Աբդուլլահ Գյուլ