ՏԻՄ-երի տեղեկատվայնացման hայեցակարգի նախագծի վերաբերյալ քննարկում տեղի ունեցավ ՏԿՆ-ում

3552_bՀՀ տարածքային կառավարման նախարարությունում այսօր տեղի ունեցավ «Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվայնացման եւ տեղական տեղեկատվական հասարակության զարգացման քաղաքականությունը» hայեցակարգի նախագծի քննարկում, որին մասնակցում էին մարզպետարանների եւ համայնքապետարանների, շահագրգիռ մարմինների, միջազգային եւ տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Փաստաթղթի մշակումը նախատեսված է ՏԿՆ 2013թ. միջոցառումների ծրագրով եւ ուղղված է ՏԻՄ-երի գործունեության արդյունավետության ու նրանց կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, թափանցիկության ու հաշվետվողականության ապահովմանը, տեղական ժողովրդավարության ամրապնդմանը:

Փաստաթուղթը պատրաստվել է «Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն» ՀԿ-ի կողմից` «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» հիմնադրամի օժանդակությամբ:

Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն» ՀԿ ղեկավար Գրիշա Խաչատրյանը, ներկայացնելով փաստաթուղթը, նշեց, որ նախագծում նկարագրված է Հայաստանում ՏԻՄ-երի տեղեկատվայնացման եւ համայնքներում տեղեկատվական հասարակության ձեւավորման hետ կապված ներկա իրավիճակը, ներկայացված են կատարված հետազոտությունների արդյունքում բացահայտված հիմնական խնդիրները եւ վերլուծություններից բխող եզրահանգումների հիման վրա ձեւավորված առաջարկությունները: Ըստ հեղինակների` դրանք կօգնեն ուսումնասիրվող ոլորտում որոշումներ կայացնելու գործում, ինչպես նաեւ կարող են դրվել ՏԻՄ-երի տեղեկատվայնացման ոլորտում իրականացվող քաղաքականության հիմքում:

ՏԿՆ աշխատակազմի ինֆոտեխնոլոգիաների, տվյալների բազաների եւ կապի բաժնի պետ Գարեգին Մանուկյանը ներկաներին տվյալներ ներկայացրեց համայնքներում տեղեկատվայնության ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքի մասին:

Փաստաթղթի ներկայացումից հետո շահագրգիռ քննարկում ծավալվեց: Մասնակիցները հանդես եկան դիտարկումներով ու առաջարկություններով: Վերջնական լրամշակումից հետո նախագիծը ՏԿՆ կողմից կներկայացվի կառավարություն:

Հասարակայնության հետ կապերի բաժին

Tags: