Արմավիրի մարզում Ոռոգման համակարգերի հիմնանորոգման ծրագրի շրջանակում խորքային հորեր են վերականգնվել

Tntesakan-vorogman_hamakarg_485792282ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Արմավիրի մարզում ծանոթացավ Ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2013թ. պետական ծրագրի շրջանակում կատարված աշխատանքներին:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի պատասխանատուների ուղեկցությամբ փոխվարչապետը եղավ «Սեւջուր-Ախթամար» եւ «Ակնալիճ» ՋՕԸ-երի սպասարկման տարածքներում, որտեղ կատարվել են խորքային հորերի վերականգնման, խողովակաշարերի երկարացման, ջրահավաք հանգույցների կառուցման աշխատանքներ: Ընդհանուր առմամբ վերականգնվել է 12 եւ հորատվել է 8 նոր հոր, որոնք, ըստ պատասխանատուների, զգալիորեն մեղմում են սակավաջրության խնդիրը նշված ՋՕԸ-երի սպասարկման տարածքում գտնվող շուրջ երկու տասնյակ համայնքների համար: Ծրագրով վերոնշյալ աշխատանքների համար հատկացվել էր 540 մլն դրամ:

ՋՕԸ-երի ղեկավարները փոխվարչապետին տեղեկություններ ներկայացրեցին ընթացիկ իրավիճակի մասին: Ա. Գեւորգյանը հորդորեց ոռոգման աշխատանքները կազմակերպել հնարավորինս արդյունավետ, ջուրը խնայողաբար օգտագործել` միաժամանակ ապահովելով գյուղացիական տնտեսությունների պահանջարկը:

Փոխվարչապետին զեկուցվեց նաեւ Ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2013թ. պետական ծրագրի շրջանակում մարզում իրականացված այլ աշխատանքների մասին: Նշվեց, որ խորքային հորերի վերականգնման եւ ջրանցքների վերանորոգման աշխատանքներ են իրականացվել նաեւ «Մերձափնյա», «Վաղարշապատ», «Խոյ», «Մուսալեռ» ՋՕԸ-երի տարածքներում:

Ա. Գեւորգյանն այցի շրջանակում եղավ նաեւ մարզի Արտաշար, Երասխահուն, Գայ եւ Զարթոնք համայնքներում, հանդիպումներ ունեցավ բնակչության հետ, որոնք բարձրացրեցին համայնքների համար առաջնային նշանակություն ունեցող մի շարք խնդիրներ: Դրանք հիմնականում վերաբերում էին մատակարարվող խմելու եւ ոռոգման ջրի ծավալներին, ոռոգման ցանցերի արդիականացմանը, ճանապարհների բարեկարգմանը, ինչպես նաեւ գյուղմթերքի իրացմանը: Փոխվարչապետը նշեց, որ բարձրացված խնդիրները կքննարկվեն կառավարությունում, ինչպես նաեւ տեղեկություններ ներկայացրեց մարզում իրականացվող եւ իրականացվելիք ծրագրերի, հատկապես ոռոգման համակարգի ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված աշխատանքների մասին:

Հասարակայնության հետ կապերի բաժին

 

Tags: