Թուրքիայում մահացել է Ռումինիայի քաղաքացի Ֆլորին Չոաբան, որը հայտնի է որպես ինքնահռչակ “բոլոր գնչուների թագավոր”:
59-ամյա Չոաբան մահացել է Անթալիայում, ուր մեկնել էր հանգստանալու:
Նրա մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել անձամբ Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն:
Չոաբան ծնվել է 1954-ին, ազդեցիկ գնչուական բարոնի ընտանիքում, որը երկրորդ աշխարհամարտի տարիներին արտաքսվել էր Պրեդդնեստրովսկ, ապա բնակություն էր հաստատել Ռումինիայի հարավում: 1997-ին, հոր մահից հետո նա ինքն իրեն հռչակեց “ամբողջ գնչուական աշխարհի թագավոր”: 2003-ին նրա անունը հայտնի դարձավ իր 12-ամյա աղջկան 15-ամյա պատանուն կնության տալու որոշումով, ինչը ողջ աշխարհում լայն արձագանք ստացավ: Դրանից հետո նա իր սխալն ընդունեց ու խոստացավ պայքարել երեխաներին ամուսնացնելու գնչուական ավանդույթի դեմ: Բացի այդ, նա գնչուական ընտանիքներին կոչ արեց, երեխաներին դպրոց ուղարկել` հույս ունենալով, որ դրանով իր ազգին կօգնի վերջ դնելու աղքատությանը, որի պատճառը` ըստ նրա` կրթության պակասն էր: 2005-ին իր թեկնածությունն է առաջադրել Ռումինիայի խորհրդարանական ընտրություններում, սակայն չի անցել:
Ռումինիայում է բնակվում գնչուների ամենամեծ սփյուռքը : Վերջին մարդահամարի տվյալներով, Ռումինիայում ավելի քան 600 հազար գնչու է բնակվում, մինչդեռ, ոչ պաշտոնական տվյալներով, նրանց թիվը կարող է 2 մլն-ի հասնել:
Tags: գնչուներ