Մարութա Սուրբ Աստվածածին եկեղեցին հավանաբար կվերանորոգվի

2Մարութա Սուրբ Աստվածածին եկեղեցին կվերանորոգվի: Այդ նպատակով  Սասունի հայերի միության նախագահ Ազիզ Դաղջըն մի խումբ մարդկանց, այդ թվում՝ ճարտարապետների հետ միասին բարձրացել է  2.973 մետր բարձրության վրա գտնվող եկեղեցին. տեղեկացնում է “Հայ թերթը”։

Դեռևս 2012թ.-ի հուլիս ամսին եկեղեցու փլված հատվածը վերակառուցելու նպատակով դիմել են Բաթմանի նահանգապետարանին, Մշակույթի և զբոսաշրջության վարչությանը և Դիարբեքիրի մշակութային արժեքների պահպանության վարչությանը։

Ստամբուլում գործող Սասունի հայերի միության նախագահ Ազիզ Դաղջըն տեղեկացրել է, որ փորձելու է հիմնադրամի միջոցներով եկեղեցին նախկին տեսքի բերել։

9-րդ դարում կառուցված հայկական պատմական սրբավայրերից Մարութա լեռան Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերանորոգման աշխատանքները նախատեսում են ավարտել մեկ ամսում։ «Մարութա լեռան եկեղեցին շատ կարևոր է մեզ համար։ Մոտ մեկ տարվա ընթացքում դիմել ենք բոլոր պատկան մարմիններին։ Եկեղեցու վերանորոգման համար օժանդակություն ենք ստանալու շրջակա գյուղերի բնակիչներից։ Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո Ստամբուլից կանչված քահանայի օգնությամբ նախատեսում ենք պատարագ մատուցել»,-ասել է Դաղջըն: