Օգոստոսի 19-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված զինված հակամարտություններում քաղաքացիական բնակչության պաշտպանության խնդրին: Ելույթ ունեցողների զգալի մասն անդրադարձել է` Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին:
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է, որ Հայաստանի համար իրավիճակը Սիրիայում լոկ նորությունների խորագիր չէ եւ մեծապես մտահոգիչ է երկրում վատթարացող հումանիտար իրավիճակը եւ բռնությունների աճը: Դեսպան Նազարյանը դատապարտել է բնակչության հանդեպ բոլոր տեսակի հարձակումները, առեւանգումներն ու ահաբեկչական գործողությունները, որոնց թիրախում են հայտնվել անմեղ քաղաքացիներ` ներառյալ երկրում ապրող փոքրամասնությունները՝ ընդգծելով այն հանգամանքը, թե ինչպես են ավիրվում ու վնասվում հայկական եկեղեցիները, եւ ինչպես են մեծ թվով հայեր իրենց սիրիացի համաքաղաքացիների հետ մեկտեղ Հալեպում ու Դամասկոսում ծանր իրավիճակում փորձում գոյատեւել: Դեսպանը հավելել է նաեւ, որ Հայաստանը շարունակում է ընդունել փախստականների՝ չնայած ավելի քան հարյուր հազար հայեր իրենց կենցաղն են շարունակում Սիրիայում օրեցօր ուժգնացող բռնությունների եւ հումանիտար ճգնաժամի ներքո: «Նմանօրինակ իրավիճակների լուծման համար համոզված ենք, որ պետք է հրաժարվել միջազգային հումանիտար իրավունքի ոտնահարման հարցում ընտրովի մոտեցումներից: Միջազգային հանրությունը պետք է արդյունավետորեն գործի հումանիտար իրավունքի նորմերի պահպանման հարցում եւ առաջարկի, որպեսզի կողմերը ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր քայլերը մարդասիրական օգնության դերակատարների մուտքն ու գործունեությունն ապահովելու համար»,-նշել է դեսպան Նազարյանը:
Իր ելույթի մեկ այլ բաժնում, խոսելով առհասարակ զանգվածային սպանությունների, հանցագործությունների հարցում պատասխանատվության մասին, դեսպան Նազարյանը բարձր է գնահատել ԱԽ դերակատարումն անպատժելիության վերացման ու միջազգային հումանիտար իրավունքը կոպտորեն ոտնահարողներին պատասխանատվության ենթարկելու գործում: Այս համատեքստում Հայաստանի ներկայացուցիչը խոսել է նաեւ փոխհատուցման մասին, անդրադարձել դեռեւս այս տարվա գարնանը Հայաստանի կողմից նախաձեռնված ու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից ընդունած «Ցեղասպանության կանխարգելման» բանաձեւին՝ կարեւորելով ճշմարտության, արդարադատության ու փոխհատուցման խրախուսումը:
Tags: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ