Գյումրեցի չեմպիոններն ու ադրբեջանցիների 15,000 դոլարը

IMG_0865Այսօր Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց գյումրեցի երկու մարզիկների, ովքեր վերջին մի քանի օրում հայրաքաղաք բերեցին մարզական մեդալներ: Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը` աշխարհի երիտասարդների առաջնությունում: Կարապետը ըմբշամարտով սկսել է զբաղվել 2003 թվականից, հասցրել դառնալ 2010թ. Եվրոպայի պատանիների առաջնության 2-րդ մրցանակակիր, 2012 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության երրորդ մրցանակակիր, իսկ այս տարի Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդների առաջնության չեմպիոն:

Օգոստոսի 13-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցավ ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որտեղ հանդես եկավ 74 կգ քաշային կարգում գյումրեցի ըմբիշ Կարապետ Չալյանը: Նա պայքարից դուրս թողեց Ալժիրի, Սերբիայի, Մոլդովայի և Ռուսաստանի ներկայացուցիչներին: Եզրափակիչ գոտեմարտում ուժերը չափեց ուկրաինացի Անդրեյ Անտոնյուկի հետ և 20-ամյա գյումրեցին տիրացավ հաղթական ոսկուն:

“Շատ լավ մարզավիճակում էի: Ես գնացել էի միայն աշխարհի չեմպիոն դառնալու համար: Խոստումներ տալ չեմ սիրում”, – ասում է աշխարհի չեմպիոն ու շրջանցում հաղթահարելու ցանկություն ունեցած հաջորդ քայլի մասին հարցը: – “Ավելի շատ եմ աշխատելու, որ ավելի լավ արդյունքների հասնեմ”:

Իսկ ինչ պայմաններում են մարզվում չեմպիոններն ու նրանց մարզընկերները, քանի որ Գյումրիում ըմբշամարտի մարզադահլիճների վիճակը բավական վատ է: Հարցի շուրջ չեմպիոնն ու իր մարզիչը բավական լավ էին տրամադրված. “Պայմաններում գույքի պակասություն կա, բայց մենք կարևորում ենք թասիբը, նվիրումը, հավատքը”, – ասում է Չալյանի մարզիչ Արթուր Պետրոսյանը:

Իսկ մյուս գյումրեցին` բռնցքամարտիկ Հենրիկ Սարգսյանը Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության 81 կգ քաշային կարգում ադրբեջանցի ըմբիշ Ռահիլ Մամադլիին զրկել է 15000 դոլար պարգևից` հաղթելով քառորդ եզրափակչում: “Ազերիները հայ ազգի յուրաքանչյուր ներկայացուցչի, կապ չունի որ երկիրն է ներկայացնում, հաղթելու համար, մենամարտից անմիջապես  հետո նրան 15,000 դոլարով են պարգևատրում”, – ներկայացրեց քաղաքապետարանի սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանը:

Հենրիկը, սակայն, կիսաեզրափակչում պարտվում է հունգարացի Ադամ Համորիին և կանգնում պատվո հարթակի երրորդ աստիճանին:

“Չորրորդ եզրափակչում հաղթեցի ադրբեջանցուն և շատ հպարտ զգացողություններ էին: Ոչինչ, որ բրոնզե մեդալակիր եղա, հաջորդ անգամ անպայման ոսկե մեդալակիր կլինեմ: Նպատակս օլիմպիական չեմպիոն լինելն է”, – նշեց Հենրիկ Սարգսյանը: Նրա հաղթանակին չէր խոչընդոտել նաև ադրբեջանցի երկրպագուների հոծ բազմության ներկայությունը դահլիճում:

Հենրիկ Սարգսյանը բռնցքամարտով սկսել է զբաղվել 2008 թվանաից, դարձել Հայաստանի պատանիների և երիտասարդների առաջնությունների հաղթող: Անձնական մարզիչն է Ռուդիկ Մկրտչյանը:

Ողջունելով մարզիկներին Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշեց. “Ապրեք, այսօր ևս մեկ անգամ Գյումրիին ուրախացրեցիք` և’ Չալյանը, և’ Սարգսյանը: Իմ երազանքն է, որ Գյումրի քաղաքը նորից տա օլիմպիական չեմպիոններ, այսպիսի լավ երիտասարդներ ունենք ու պարծենալու` մեծ տեղ”, – ասում է քաղաքապետն ու հավելում, որ մեծ մրցանակներն ու պարգևները մարզիկները կստանան տարեվերջյան միջոցառման ժամանակ: Ւսկ այսօր բավարարվեցին միայն խորհրդանշական պարգևներով:

Tags: