«ՏաԹեւեր» ճոպանուղու տնօրինությունը պարբերաբար հարցումներ է իրականացնում զբոսաշրջիկների շրջանում` ծառայության որակի կատարելագործման նպատակով:
Եվ այսպես, «ՏաԹևեր» ճոպանուղու ծառայություններից ս.թ. հուլիսին օգտվել են 17 161 ուղեւորներ, որոնց մեծամասնությունը Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի քաղաքացիներ են եղել:
Ինչպես վկայում են ճոպանուղու ուղեւորների հարցման արդյունքները, հուլիսին հարցվածների 91%-ից ավելին առաջին անգամ են «ՏաԹեւեր» ճոպանուղու ուղեւոր դարձել:
Հարցվածներ մեծամասնությունը (99%) գոհ են մնացել Հալիձորից Տաթեւ «թռիչքից» ` բարձր գնահատելով ծառայության եւ անվտանգության մակարդակը:
Մասնավորապես, 711 հարցված զբոսաշրջիկներից 673-ը հայտնել են, որ ճոպանուղու խցիկում իրենց «լիակատար անվտանգ են զգացել»:
«ՏաԹեւեր»-ի արտասահմանցի ուղեւորների մեծամասնությունը հայկական ծագում ունեն (52%):
«ՏաԹեւեր» ճոպանուղին բացվել է 2010 թվականի հոկտեմբերի 16-ին` «Տաթեւի վերածնունդ» նախագծի շրջանակներում: 2010թ. հոկտեմբերի 23-ին «ՏաԹեւեր»-ը գրանցվել է Գինեսի միջազգային ռեկորդների գրքում որպես աշխարհում ամենաերկար հետադարձելի երկխցիկ ճոպանուղին: Ռեկորդը գրանցվել էր ոչ միայն ճոպանուղու երկարության (5752 մ.), այլեւ ճոպանուղու կառուցման կարճ ժամանակահատվածի (10 ամիս) համար:
Նախագիծն իրականացվել է ճոպանուղու նախագծման եւ կառուցման առաջատար, շվեյցարական «Գարավենտա-Դոպելմայր» ընկերության կողմից: Դեպի վանական համալիր տանող օդային ճանապարհը կազմում է 11 րոպե, արագությունը՝ 10 մ/վ, խցիկում ուղեւորների տարողությունը՝ 25 հոգի, ճոպանուղու ուղեւորների թողունակությունը ժամում կազմում է 200 հոգի: Հսկայական կրող հիմքերը բաժանում են ճանապարհը 4 հատվածի, վերջին՝ ամենաերկար հատվածի երկարությունը կազմում է 2,7 կմ:

