Ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ հիվանդագին գործողություններից և արարքներից

Komitas str. 5Երևանի Կոմիտաս 5 հասցեում ընթացող շինարարական աշխատանքների դեմ բողոքող քաղաքացիների ու նրանց աջակցող ակտիվիստների և տարածքում հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանների միջև օգոստոսի 21-ին տեղի ունեցած միջադեպի կապացությամբ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է, որ ոստիկանության ծառայողի և մասնակից կանանցից մեկի միջև կատարվածի առնչությամբ ոստիկանության պետի կողմից նշանակվել  է ծառայողական քննություն, հիշյալ ծառայողի լիազորությունները դադարեցվել են,  ուսումնասիրվում են այդ օրը կատարված բոլոր տեսագրությունները, և քննության ավարտի ու եզրակացության մասին կտեղեկացվի հանրությանը:
Ոստիկանությունը կոնֆլիկտի բոլոր կողմերին՝  և՛ կառույցի սեփականատիրոջը, և՛ շինարարությունն իրականացնողներին, և՛ քաղաքացիներին ու նրանց աջակցող ակտիվիստներին կոչ է անում խնդիրները լուծել բացառապես իրավական դաշտում. անընդունելի է օրինականություն պահանջել անօրինական միջոցներով:
Ոստիկանությունը հավաստիացնում է, որ օրենքից դուրս ցանկացած գործողություն իրականացնող անձինք կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության:
“Օգոստոսի 21-ի միջադեպը ցույց տվեց, որ քաղաքացիների շահերը պաշտպանող որոշ ակտիվիստների պահվածքը, ցավոք, ոչ ադեկվատ է. արձանագրվել են ինքնավնասման իմիտացիայի, հասարակական համակեցության նորմերի և տարրական բարեկրթության խախտման դեպքեր:
Ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ նման հիվանդագին գործողություններից  և արարքներից:
Ոստիկանության պետը երեկ հեռախոսազրույց է ունեցել Լարիսա Ալավերդյանի հետ: Կողմերը համաձայնության են եկել, որ հիշյալ և նման խնդիրները պետք է լուծվեն բացառապես իրավական դաշտում՝ համապատասխան ատյաններ դիմելու միջոցով: Եվ առհասարակ, վաղուց արդեն ժամանակն է ձևավորել այդպիսի գործելակերպ ու մշակույթ:
Ոստիկանությունը ևս մեկ անգամ կոչ է անում բոլոր կողմերին` ցուցաբերել զսպվածություն, հանդուրժողականություն և օրինահարգություն, չդիմել սադրանքների ու ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին”,-ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Կոմիտաս 5 հասցեում գտնվող շենքի մոտ երեկ` օգոստոսի 21-ին, քաղաքացիների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել:

Ոոստիկանները բռնի ուժով երկու ակտիվիստի դուրս են հանել շինհրապարակից, ինչից հետո քաշքշուկ է առաջացել:

Քաղաքացիները հայտարարել են, որ չեն լքի տարածքը, քանի դեռ Կոմիտասի 5-ում շինարարական աշխատանքները չեն կասեցվել:

Կոմիտաս 5 հասցեի բնակիչները դեմ են իրենց բակում բազմաֆունկցիոնալ շենքի կառուցմանը, քանի որ  կարծում են, որ այն կխանգարի իրենց հանգստին, վնաս կպատճառի բնակարաններին` առաջացնելով ճեղքվածքներ պատերի մեջ, բացի այդ`  12 հարկանի շինությունը կփակի մյուս շենքերի արևի լույսը:

Հիշեցնենք նաև, որ Կոմիտաս 5 հասցեում երեկ գտնվում էր նաև «Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը, որին ոստիկանները բերման էին ենթարկել, իսկ ավելի ուշ ազատ արձակել: