«Ինքնասպանությունը հիմարություն է». հոգեբան

download«Յուրաքանչյուրիս մեղքը կա այս ամենի մեջ: Ինքնասպանը մերժված է, լքված, միայնակ: Պատահական զրույցների ժամանակ երբեմն բացահայտվում են ծածուկ ինքնասպանությունների մտադրությունները, բժիշկը իր հիվանդի մասին իմանում է այն ժամանակ, երբ ինքը` հիվանդն է ասում դրա մասին: Ինքնասպանություն գործողը մահ չի սիրում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկ օրում երեք ինքնասպանության փորձերի եւ դրդապատճառների մասին նշեց Տեր Ռուբեն աբեղա Զարգարյանը:

Նրա խոսքով` երբ մարդը մենակ է եւ հարազատ չունի, դիմում է այդ քայլի: Նա ստանում է հոգեբանական հարված եւ հայտնվում է անսպասելի վիճակում: Ինքնասպանության գնացող մարդը երկար ճանապարհ է անցնում: Պայքար կա՝ հույսի եւ անհուսության, կյանքի եւ մահվան. «Կյանքի աղբյուրն Աստվածն ու ծնողն է, ինքնասպանություն գործելով մենք ժխտում ենք մեզ կյանք տվող աղբյուրին: Ինքնասպանությունը քրիստոնեության եւ խաչի մերժումն է: Մենք չենք մեզ կյանք պարգեւողը, այն տրված է Աստծուց, եւ նա էլ իրավունք ունի խլել, վերցնել քեզանից»:

Հոգեբան Սամվել Խուդոյանի համոզմամբ պետք է քննադատվի այդ երեւույթը: Թույլի եւ ուժեղի հարցը չէ, այլ նորմալ եւ ոչ նորմալ հոգեվիճակի. «Աննորմալ քայլ է, ինքնասանություն մենք երբեք չենք հանդիպի կենդանական աշխարհում: Շատերը երկար ժամանակ են նախապատրաստվում, բայց հենց այդ պահն էլ նշանակություն ունի: Ինքնասպանության ոչ մի դեպք արդարացված չէ, այն հիմարություն է, տրամաբանական քայլ չէ, հույզի արդյուքն է: Երիտասարդը ռոմանտիկ շղարշ ունի, եւ մահվան վախը արթնացած չէ նրա մեջ, նա էմոցիոնալ է եւ դիմում է այդ քայլին շատ հեշտությամբ»:

Բանախոսի պնդմամբ` մարդկանց տիպ կա, ովքեր պրոբլեմային իրավիճակում փախուստի են դիմում, նրանք լուծում չեն գտնում եւ փախչում են: Փախուստի ձեւ է նաեւ խմիչքը, թմրանյութը: Կա մեղքի զգացում եւ անգիտակցություն: Մարդու աչքերին նայելով կարող ես հասկանալ, որ նա մտադրություններ ունի ինքնասպանության:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Tags: