Կապանի տարածաշրջանի հասարակական կազմակերպություններն իրենց մտահոգությունն են հայտնել ՀՀ նախագահին

big_6159333403d682fbe5ee864e96b3d3c6Կապանի տարածաշրջանի հասարակական կազմակերպությունները  նամակով իրենց մտահոգությունն են հայտնել ՀՀ նախագահին, որտեղ մասնավորապես ասվում է.

“Մեծարգո պարոն նախագահ.

Սովորաբար Ձեզ և կառավարությանն ենք  դիմում այս կամ այն հանքերի շահագործումը դադարեցնելու  պահանջով, որոնք բնապահպանական տեսանկյունից անթույլատրելի  են և հասարակության շրջանում լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս: Բայց այս նամակը իր բովանդակությամբ տարբերվում է մյուսներից և, որքան էլ որ զարմանալի է, մենք այս հարցում  թիկունք ենք  կանգնում Կապանում գործող  “Դանդի Փրեշս Մեթալս Կապան” ՓԲ ընկերությանը: Խնդիրը կայանում է նրանում, որ ըստ ընկերության գլխավոր տնօրենի, բնապահպանության նախարարությունը և ՀՀ  կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն իրենց գործառույթները իրականացնում են ոչ պատշաճ, որի շարունակական լինելու դեպքում ընկերության տնօրինութունը ստիպված կլինի աշխատանքից ազատել ընկերության մոտ 300 աշխատակիցների:

“Դանդի Փրեշս Մեթալս Կապան” ՓԲ ընկերությունը  Կապանում սոցիալական կայունություն ապահովող ձեռնարկություն է և մենք չենք կարող հանդուրժել, որ պետական կառույցները  արհեստականորեն վարչարարական խնդիրներ  առաջացնեն`  խախտելով  ընկերության բնականոն գործունեությունը:

Հաշվի առնելով խնդրի կարևորությունը մարզկենտրոնի համար, հայցում ենք Ձեր միջամտությունը, վերոնշյալ կառույցների համապատասխան պաշտոնյաների հանդեպ ծառայողական քննություն անցկացնելու և պետական տարբեր կառույցների կողմից անհարկի խոչընդոտները վերացնելու նպատակով:

Հարգանքով`

“Կայուն զարգացում” ՀԿ նախագահ` Արմեն Փարսադանյան

“Կապանի Օրհուս կենտրոն”-ի համակարգող` Աշոտ Ավագյան

Կապանի “Ազատամարտ” կոմիտեի նախագահ` Խորեն Հարությունյան

Հաշմանդամների աջակցության Սյունիքի մարզի “ՈՂՋԻ” ՀԿ նախագահ` Կամո Դավթյան

“Մշակույթ և հասարակություն” ՀԿ նախագահ` Գագիկ Ղահրամանյան

“Խուստուփ” բնապահպանական ՀԿ նախագահ` Վլադիկ Մարտիրոսյան

“Կապանի կանանց ռեսուրս կենտրոն” ՀԿ նախագահ` Քրիստինա Սաղաթելյան

“Կապանի Տարածաշրջանի Զարգացման” Հիմնադրամի գործադիր տնօրեն`Կատերինա

Գաբրիելյան

“Մեղու” ՀԿ նախագահ`  Վլադիկ Ղուկասյան