ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը մանրամասնում էՍյունիքի նախկին մարզպետ Ս.Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցածը

Liska2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Ս.Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած հանցագործության փաստով ՀՀ ՊՆ Քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով 2013թ. օգոստոսի 14-ին ստացվել է համակարգչատեխնիկական և տեսաձայնագրային փորձաքննության եզրակացությունը:

Համաձայն փորձաքննության եզրակացության՝ «թվային տեսագրիչի օրացույցի և ժամացույցի ընթացիկ ցուցմունքները համապատասխանում են իրականին: Տեսանյութերում փոփոխություններ չեն հայտնաբերվել»:

Փորձաքննության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան ծանոթանալու համար 22.08.2013թ. տրամադրվել է քրեական գործով տուժողի իրավահաջորդ Էմիլ Բուդաղյանին, մեղադրյալ Արտակ Բուդաղյանին և նրա պաշտպան Հայկ Ալումյանին:

Եզրակացությանը ծանոթանալուց հետո մեղադրյալ Արտակ Բուդաղյանը հրաժարվել է ցուցմունք տալ և առերես հարցաքննվել քրեական գործով տուժող Նիկոլայ Աբրահամյանի, վկաներ Կարինե Հարությունյանի, Լարիսա Բարսեղյանի և Անգելինա Քայանի հետ` նրանց ցուցմունքներում առկա էական հակասությունների կապակցությամբ:

23.08.2013թ. ժամը 10:00-ին մեղադրյալ Արտակ Բուդաղյանը կրկին հրավիրվել է հարցաքննության:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Հաշվի առնելով հասարակական հետաքրքրությունը սույն դեպքի և քրեական գործի նկատմամբ, ՀՀ ՊՆ քննչական ծառայությունն այսուհետև պարբերաբար համապատասխան տեղեկատվություն կներկայացնի քրեական գործի նախաքննության ընթացքի վերաբերյալ:

Tert.am-ին Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանն ասել է. «Ես ասել եմ և հիմա էլ ասում եմ, որ համացանցով տարածված տեսագրությունը մոնտաժված է: Ու երբ ինձ հարցրել էին, թե որտեղ է չմոնտաժված տարբերակը, ես ասել եմ, որ մեկը նախաքննական մարմնի մոտ է, մյուսը՝ մոնտաժողի մոտ: Այսինքն՝ նախաքննական մարմնի մոտ եղած տեսագրության մասին խոսակցություն եթե եղել է, մենք ինքներս էլ ասել ենք՝ այո՛, նախաքննական մարմնի մոտի տարբերակը մոնտաժված չէ, և մի հատ էլ մոնտաժված տարբերակ կա էն մարդու մոտ, ով որ մոնտաժել և տարածել է համացանցում»:

 

Ի պատասխան հարցի, թե կարելի՞ է ասել, որ չմոնտաժված տարբերակում կան փաստեր, որոնք վնասում են Սուրիկ Խաչատրյանին կամ նրա որդուն, Հայկ Ալումյանն ասել է. «Այնտեղ կան ապացույցներ, որոնք հաստատում են այսօր Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին արդեն իսկ առաջադրված մեղադրանքները և այնտեղ կա մի հատված, որը շատ լուրջ կասկածներ է առաջացնում, որ բացի այս երկուսից ևս մեկ կրակող է եղել»:

Փաստաբանը չի կարող ասել ու մինչև հիմա չի կարողացել հասկանալ, թե մոնտաժողը ո՞նց է կարողացել էդ էֆեկտը ստանալ և ոնց է կարողացել կեղծել, բայց առաջարկում է նայել երկուսն էլ և համոզվել, որ իր խոսքով՝ ամենաէական հանգամանքները մոնտաժված, տեսանյութում կամ հանված են, կամ լղոզված:

«Այսինքն՝ ամենագլխավոր պահերը, որոնք մերկացնում են էդ հանցագործություն կատարողներին, չեն երևում»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ ս.թ. հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների հետեւանքով մահացել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանր, իսկ նրա եղբայրը` Արտակ Բուդաղյանը, որը ԼՂՀ N զորամասի հրամանատար է և Նիկոլայ Աբրահամյանը, որը Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը, հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին Գորիսի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել էր Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Իսկ Սուրեն Խաչատրյանը վայր էր դրել մարզպետի լիազորությունները: