Ռուսաստանը Սիրիայում իրականացված ենթադրաբար քիմիական զենքով հարձակման դեպքը ՄԱԿ-ի քննությանը հանձնելու կոչ է արել

sergey lavrovՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել թույլ տալ ՄԱԿ-ի մասնագետների խմբին ուսումնասիրել Դամասկոսի մոտակայքում սիրիական ապստամբների խոսքով՝ կառավարական ուժերի կողմից իրականացված քիմիական զենքով հարձակման դեպքը:

Ուրբաթ հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հինգշաբթի հեռախոսով քննարկել են ստեղծված իրավիճակը և եզրակացրել, որ իրենք դեպքը ՄԱԿ-ի քննությանը հանձնելու երկկողմանի հետաքրքրություն ունեն:

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Ռուսաստանը կոչ է արել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարությանը օժանդակել հետաքննությանը, սակայն այս կապակցությամբ ընդդիմության տրամադրվածությունը պարզ չէ՝ արդյո՞ք նրանք կապահովեն առաքելության անվտանգ մուտքը դեպքի վայր, թե ոչ:

Ռուսաստանը միջազգային հարթակում հանդիսանում է Ասադի հիմնական դաշնակիցներից մեկը:

 

Tags: