Աուրելիա Գրիգորիուն պարգևատրվել է “Հեյդար Ալիև” ոսկե մեդալով` ամբողջ աշխարհում Ադրբեջանի իրողությունները առաջ տանելու համար

1Մոլդովայի Հանրապետության օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուն պարգևատրվել է “Հեյդար Ալիև” ոսկե մեդալով՝ “մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հատուկ նվաճումների և ամբողջ աշխարհում Ադրբեջանի իրողությունները առաջ տանելու համար”, հաղորդում է ադրբեջանական “1նյուզ” կայքը:

Ըստ լրատվական կայքի՝ “Գրիգորիուն Թյուրքախոս պետությունների քաղաքականության աջակցության հիմնադրամի պատվավոր այս մրցանակին առաջադրվել է Կենտրոնական Ասիայի ադրբեջանական ՀԿ-ների ներկայացմամբ”:
2007թ.-ից ի վեր “Հեյդար Ալիև” ոսկե մեդալին արժանացել են Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը, ղրղըզ հայտնի գրող Չինգիզ Այթմատովը, Ղրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Մրցանակը շնորհվում է այն “կարկառուն ներկայացուցիչներին, որոնց արժանիքներն ամրապնդում են թյուրքալեզու և այլ ազգերի բարեկամությունը, ներդրում են ունեցել թյուրքալեզու պետությունների տնտեսության, սոցիալ-քաղաքական, ինչպես նաև մշակութային զարգացման գործում”։
Մոլդովայի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուն անցյալ ամիս ԱԺ-ում իր  զեկույցի ժամանակ անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը` մեր երկիրն անվանել էր “ագրեսոր”`հայտարարելով, որ “Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն”, և հավելել, որ “Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը, ինչը միջազգայնորեն ճանաչված փաստ է”։
Ներկայում ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են տարածում, թե իբրև թե “ԱՍԱԼԱՆ սպառնում է Աուրելիա Գրիգորիուին”

Tags: