Կոմիտաս 5-ում ծեծել ու բերման են ենթարկել ակտիվիստներին

168955Քիչ առաջ լարված իրավիճակ էր Կոմիտաս 5 հասցեում: Շենքերի մի խումբ բնակիչներ և ակտիվիստներ փակել էին փողոցը, ինչի հետևանքով երթևեկությունն այդ հատվածում կանգ էր առել:

Բազմաթիվ ոստիկաններ պատ շարած թույլ չէին տալիս ակտիվիստներին շարժվել դեպի փողոցի կենտրոն, որտեղ վերջիններս մտադիր էին պառկած ակցիա անցկացնել: Ոստիկանները բռնի ուժով հեռացրեցին ակտիվիստներին, որոնց խմբում էր նաև «Նախախորհրդարանի» անդամ Տիգրան Խզմալյանը:

Իրավիճակը գնալով թեժանում էր, իսկ ոստիկանական ավտոմեքենաներն ավելանում էին:

Ոստիկանները ծեծելով և քարշ տալով հեռացնում էին ակտիվիստներին փողոցի կենտրոնից: Նրանցից ոմանց բերման ենթարկեցին::

Այս պահին իրավիճակը համեմատաբար հանդարտ է, տարածքում միայն ոստիկաններ են:

Նախախորհրդարանը հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես նշված է.
“Մի քանի ժամ առաջ Կոմիտաս 5 հասցեում գտնվող ապօրինի շինարարության վայրից բերման ենթարկված Նախախորհրդարանի անդամ Եղիա Ներսեսյանը դեռևս Ոստիկանության Արաբկիրի բաժնում է: Քիչ առաջ բերման են ենթարկել նաև Նախախորհրդարանի անդամ, հանրային պրոբլեմների արագ արձագանքման խմբի պատասխանատու Վարդան Հակոբյանին, Նախախորհրդարանի աջակից, քաղաքացիական ակտիվիստ Արմեն Միքայելյանին, հայտնի բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին և մի շարք այլ ակտիվիստների:
Նախախորհրդարանի ստեղծած Հանրային պրոբլեմներին արագ արձագանքման խումբը և բնակիչները շարունակում են պայքարը մի քանի անգամ իրենց թվապես գերազանցող ոստիկանական ուժերի դեմ և փակել են Կոմիտաս փողոցը:Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ոստիկանությունը բացահայտ ու կոպիտ կերպով բռնություն է կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ:

Հիշեցնենք, որ Կոմիտաս 5ա, 7 և 9 շենքերի հարևանությամբ «Լիբեր» ՍՊԸ-ն բարձրահարկ շենք կառուցում, որի դեմ էլ տեղի է ունենում բնակիչների և ակտիբիստների բողոքը:

Չնայած պայմանավորվածությանը, որ այդ հասցեում շինարարությունը ժամանակավորապես դադարեցվելու է, մինչև բարձրացված հարցերին պարզաբանում տրվի, այսօր կրկին շինարարությունը շարունակվում էր: