«Այսօր մոդա է՝բոլորը պրոֆեսորներ են».Փարավոն Միրզոյան

Paravon-Mirsoyan-1024x682«Նկարիչների միության կեսից ավելին Բեքարյանի ձեռքի տակով է անցել: Ստեղծագործությունները բանաստեղծություններ են, նա գեղանկարչության Վահան Տերյանն է: Նա մշակույթի գիտակ էր, հանրագիտարանային գիտելիքներով լցված մարդ: Նկարները լավատեսական են, գեղեցիկ, բարի, ազնիվ: Նա սիրահարված էր իր աշխատանքներին, իր փոքրիկ Հայաստանն անհամեմատելի էր»,- այսօր ժողովրդական նկարիչ Արա Բեքարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսի ժամանակ նշեց գեղանկարիչ Էդվարդ Վարդանյանը:
Նրա խոսքով Բեքարյանը ազգային հարստություն էր՝ ազգային արժեք: Այսօր խոնարհման օր է:
Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի պնդմամբ բազմաթիվ ուսանողներ ցանկանում էին սովորել միայն Բեքարյանի արվեստանոցում: Հայ գեղանկարչության մեջ նա ինքնատիպ էր:
«Այսօր մոդա է՝բոլորը պրոֆեսորներ են, բայց այն ժամանակ նկարչության մեջ կային մի քանի պրոֆեսորներ, որոնցից մեկը Արա Բեքարյանն էր»:
Ազգագրագետ Քնարիկ Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նկարիչը քնարական պատումի նուրբ բանաստեղծական աշխարհում է ապրել: Նա ներկայանում է բնության ներդաշնակության մեջ: Արա Բեքարյանը բանաստեղծական նրբանկատ խառնվածքի եւ խոր աշխարհայացքի տեր անձնավորություն էր, խստապահանջ եւ բարի: Արա Բեքարյանի աշխատանքները ներկայացվել են բազմաթիվ ցուցասրահներում՝ Լիբանան, Ֆրանսիա, Կանադա, Բելգիա: Պահպանվում են հայաստանյան եւ մի շարք երկրների թանգարաններում եւ մասնավոր հավաքածուներում:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Tags: