Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ժամանակավորապես կասեցվել է այսօր՝ օգոստոսի 26-ին նշանակված ավտոերթ-հանրահավաքը, որին պատրաստվում էին մասնակցել տաքսի ծառայության և երթուղային տրանստպորտի մոտ երկու հազար վարորդներ: Վերջիններս պահանջելու էին ՀՀ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հրաժարականը, քանի որ, ըստ իրենց, նախարարությունը մատնված է անգործության, չունի ոլորտի վերաբերյալ հայեցակարգ, որի պատճառով էլ իրավիճակը ծայրահեղ բարդացել է:
Թե ինչու է ավտոերթ-հանրահավաքը հետաձգվել, Տիգրան Հովհաննիսյանը չմանրամասնեց, միայն նշեց, որ Գագիկ Բեգլարյանը օրեր առաջ դիմել է իր հարազատներից մեկին՝ ասելով, որ ինքը գտնվում է արտերկրում՝ արձակուրդի մեջ և իր վերադարձից հետո կհանդիպի Տիգրան Հովհանիսյանի հետ՝ քննարկելու տրանսպորտի ոլորտի խնդիրները:
Այսօր՝ ամսի 26-ին, Բեգլարյաննն արդեն աշխատանքի է վերադարձել: Սակայն առայժմ հանդիպումը չի կայացել:
archive2.ankakh.com-ի տեղեկություններով՝ Գագիկ Բեգլարյանը Տիգրան Հովհաննիսյանի քավոր, ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանի միջոցով է իր առաջարկը փոխանցել, ինչը Հովհաննիսյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց: Սակայն երևում է՝ միջնորդությունը շատ ազդեցիկ է եղել, որ Հովհաննիսյանը որոշել է կասեցնել հազարավոր վարորդների մասնակցությամբ երթը:
Այժմ սպասվում է Բեգլարյանի հետ կայանալիք եռակողմ հանդիպումը՝ Գագիկ Բեգլարյան, Նահապետ Գևորգյան, Տիգրան Հովհաննիսյան:
Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Տիգրան Հովհաննիսյանը հայտարարել էր, որ պահանջում է Գագիկ Բեգլարյանի հրաժարականը և Երևանի քաղաքապետարանից երթ-հանրահավաք անցկացնելու թույլտվություն էր ստացել, որը պետք է կայանար այսօր՝ օգոստոսի 26-ին:
