Թուրքիայում վարչապետ Էրդողանի մասին փաստագրական ֆիլմ է ցուցադրվելու

filmԹուրքական «Beyaz TV» պատրաստվում է ցուցադրության հանել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կյանքի մասին պատմող «Վարչապետի պատմությունը»  վերնագրով փաստագրական ֆիլմը: Այս մասին թուրքական «Միլիյեթ» թերթի սյունակագիր Ալի Էյուբօղլուն գրել է իր այսօրվա հոդվածում՝ հեռախոսազրույց ունենալով «Beyaz TV»-ի ղեկավար խորհրդի նախագահ Օսման Գյոքչեքի հետ:

Հայտնի է դարձել, որ վարչապետ Էրդողանի մասին իրենց կարծիքն են հայտնելու արվեստի և սպորտի աշխարհի նշանավոր դեմքերը: Պատրաստված տեսաֆիլմի մեջ Էրդողանի մասին են խոսելու նաև Թուրքիայի տարբեր շրջաններում բնակվող երեխաներ:

«Վարչապետի պատմությունը» ֆիլմը ցուցադրվելու է սեպտեմբերի 3–ին «Beyaz TV»-ի ուղիղ եթերում` վարչապետ Էրդողանի մասնակցությամբ հատուկ հաղորդման ժամանակ: Ֆիլմում ներկայացվելու է Էրդողանի կյանքը՝ ծնված օրից մինչև ԱԶ կուսակղության հիմնումը, վարչապետի աթոռում պաշտոնավարությունը, ինչպես նաև անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ: Ֆիլմում հատուկ անդրադարձ է կատարվել Էրդողանի՝ բանտում անցկացրած օրերի մասին պատմող անձնական նամակներին:

Նշենք, որ 2014 թվականին Թուրքիայում նախագահական ընտրություններ են սպասվում և ներկայիս վարչապետ Թայիփ Էրդողանը այդ պաշտոնի ամենահավանական թեկնածուն է: Այս ֆիլմը և նրա վարկանիշի բարձրացման համար մշտապես տարվող աշխատանքները կարելի է որակել որպես նախագահական ընտրությունների շրջանակներում սկսված ոչ պաշտոնական քարոզարշավ: